Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր սուրբ տեղը թափուր չի մնա, ուրիշները կգան».Հերմինե Նաղդալյանը՝ ընդդիմությանը

Քաղաքականություն
06415ba97fbbb4c84c93295bd9d17bc8

ԱԺ-ում այսօր արտահերթ ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Մինչ նա ելույթ կունենար, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Կրկին վերհիշենք կարդինալին ու նրա մեկնությունները»: Իսկ Հերմինե Նաղդալյանը մեկ առ մեկ նշեց Սահմանադրական հանձնաժողովի բոլոր անդամների անունները մեկ առ մեկ ու շնորհակալություն հայտնեց: Նա իր ելույթի մի մասը նա հասցեագրեց ընդդիմությանը՝ ասելով, որ հարթ ճանապարհին միշտ փակուղիներ են փնտրում, մինչդեռ ելք կա. «Ուղղակի պետք է տեսնել այն: Ընդդիմության քննարկումները միտինգային հարթության վրա են մնում, հանրահավաքային լավ հռետորներ եք դուք, սակայն ԱԺ ամբիոնը շփոթում են հանրահավաքի հետ. ժամանակը առաջ է գնում, ինչ եք դուք ասում, ինչ եք անում դուք: Գոնե սեփական շահերից ելնելով բովանդակային առումով քննարկեն այս փոփոխությունները: «Ոչ» եք ասում սկզբունքորեն առանց պատճառաբանելու. հետո ինչ եք անելու: Իշխանությունը քայլ է անում՝ հանրային կյանքի բարելավման համար, իսկ ձեր ուզածը, միակ ցանկությունն ու նպատակը մեկն է՝ իշխանություն»: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն ոչ թե վերարտադրվում է, այլ շարունակում է կատարել իր պարտականությունները. «Պետք չէ Սերժ Սարգսյանի հետագա կառավարումն ու սահմանադրական փոփոխությունների կապը տեսնել, կառչած մնալ դրանից, դա ոչ թե քաղաքական մարգարեություն է, այլ թուլության եւ ասելիք չունենալու արդյունք: Գետնարած հայացքով հայրենիք չեն կառուցում, երազանք ունեցեք. ձեր սուրբ տեղը թափուր չի մնա, ուրիշները կգան: Պետք չէ անվերջ բացասական լիցքեր տարածել այս ամբիոնից, ամենահեշտը «ոչ» ասելով հեռանալն է, ավելի դժվար է «այո» ասելով պարտականություններին տեր մնալը»: