Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք եւս կողմ ենք «ոչ»-ի գաղափարին».Գալուստ Սահակյան

Քաղաքականություն
MHM91460-copy

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես եկավ արտահերթ ելույթով: Նրա խոսքերով՝ Սահմանադրական փոփոխությունները կենսական անհրաժեշտություն չեն իշխանությունների համար, սակայն դրանք կենսական անհրաժեշտություն են երկրի, հասարակության և քաղաքական ապագայի տեսանկյունից. «Խոսքը վաղվա կամ մյուս օրվա մասին չէ, ինչպես հաճախ ամբոխահաճության գերի ընկնելով պնդում են քաղաքական գործիչներ կամ մամուլի ակումբների մշտական հաճախորդներ: Երբեք ոչ մեկը չպետք է երկրի, պետության Սահմանադրությունը շփոթի սեփական Սահմանադրության հետ: Ինչպես ասում են՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետևաբար՝ ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ ներկայումս դրանում առաջարկվող փոփոխությունները ո՛չ որևէ մեկի սեփականություն է, ո՛չ որևէ մեկի համար են, ո՛չ էլ որևէ մեկի դեմ»: Նա բնական է համարում, որ այս փոփոխությունները պետք է ուղեկցվեին բուռն գործընթացով. «Դրանք ուղղված չեն քաղաքական մի ուժի կողմից իշխանության պահպանությանը, այլ պետք է ապահովի կայուն ընթացքը դեպի զարգացում, և դրանից ելնելով էլ սահմանադրական հանձնաժողովը ներկայացված առաջարկությունները քննարկում է անկախ նրանց հեղինակների քաղաքական դիրքորոշումից և կուսակցական պատկանելությունից»: Նա շնորհակալություն հատնեց բոլոր այն անհատներին ու խմբերին, ովքեր իրենց մասնակցությունն են բերում սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, ինչը ենթադրում է նաև բացասական անդրադարձ, մերժում ու քննադատություն. «Այս տեսանկյունից հասկանալի է դեմ կողմերի դիրքորոշումը, որոնք փորձում են ինչ-որ անվանումով շարժում ձևավորել: Սա էլ է տեղավորվում սահմանադրական փոփոխությունների շրջանակներում ազատությունների ու ժողովրդավարության շրջանակներում»: Մենք ևս կողմ ենք «ոչ»-ի գաղափարին, այո, մենք «ոչ» ենք ասում պոպուլիզմին, «ոչ» ենք ասում քաղաքացիական ներուժը ժամանակավրեպ ակցիաներով վատնողներին, անհետացող ու պահ առ պահ վերակենդանացող գործիչների կողմից ժողովրդի զգացումների վրա խաղացող ու թատերախաղով զբաղվողներին, բայց «այո» ենք ասում քաղաքացիական ակտիվությանը, Սահմանադրության շրջանակներում տեղավորվող ցանկացած գործողության»: Պարոն Սահակյանը հիշեցրեց նաեւ կարդինալ Ռեշիլյեի խոսքը, թե «տվեք ինձ ամենաազնիվ մարդու կողմից գրված 6 տող և ես դրանում կգտնեմ մի բան, որի համար կարելի է կախել նրան»: Ըստ նրա՝ եթե որևէ քաղաքական ուժ կամ գործիչ նշված փաստաթուղթը պատկերացնում է որևէ թատերական թղթախաղ, իրեն գլխավոր դեր չի հատկացնում, ապա մեր ժողովուրդը բավարար իմաստուն է, որ ընտրությունների ժամանակ նրան համապատասխան վերաբերմունքի արժանացնի. «Սահմանադրական փոփոխությունները պետք է դիտարկվի որպես կարևոր գործընթաց, որն ուղղված է ժողովրդավար պետության կառուցման, մարդու իրավունքների, իշխանության ճիշտ բաժանման, քաղաքական ու տնտեսական կայուն զարգացման համար իրավական հիմքի ձևավորման համար»: