Վաշինգտոնը մտահոգված է Սիրիայում ռուսական ռազմական ներկայության աճով
Ռուսաստանը նկատելիորեն զարկ է տալիս Սիրիայում իր ռազմական ներկայությանը, ինչը շատերի կարծիքով նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությանը պաշտպանելու նպատակ է հետապնդում։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրությունների համաձայն, վերջին մի քանի օրերի ընթացքում ռազմական բեռնատար տասնյակ օդանավեր, զենք ու անձնակազմ, հրասայլեր, հակաօդային պաշտպանության համակարգեր Սիրիա տեղափոխելու փաստը խոսում է այստեղ ռազմական արագ գործողությունների համար նախատեսված ռազմական հենակետ կառուցելու Ռուսաստանի նպատակի մասին։ Ռուսաստանը հայտարարում է, թե ծրագրում է պայքար սկսել ընդդեմ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման՝ այդ նպատակի համար համագործակցելով Սիրիայի զինված ուժերի հետ։ Ի դեպ, Ռուսաստանն այս մասին հայտարարում է, երբ Սիրիայի չափավոր դիրքեր զբաղեցնող ապստամբ ուժերին մարզելու ԱՄՆ-ի ջանքերը, պաշտպանության փոխնախարար Քրիստին Ուորմութի խոսքերով, ոչ մի արդյունք չի տվել։ ԱՄՆ-ի արտգործանախարար Ջոն Քերրին մտահոգված է Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացման փատով։ «Տեսնելով թե ինչ տիպի օդանավեր է Ռուսաստանը տեղակայում Սիրիայում, կամ թե ինչ զենքեր է ուղարկում այնտեղ, չենք կարող անտարբեր մնալ։ Մենք ուզում ենք հստակ իմանալ, թե ինչ է տեղի ունենում այնտեղ»,- ասել է Քերրին։ Հիշեցնենք, որ եթե Ռուսաստանը «Իսլամական պետություն» խմբավորման ու չափավոր ընդդիմության դեմ պայքարում պաշտպանում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, ԱՄՆ-ը՝ հայտարարում է, թե Սիրիայի խնդրին առանց Ասադի քաղաքական լուծում տալն ամենաճիշտը կլիներ։ Ռուս իր պաշտոնակից Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ Քերրին ասել է, որ Ասադին պաշտպանելու հանգամանքը վտանգի տակ է դնում ծայրահեղականության դեմ միասնաբար պայքարելու ռուս-ամերիկյան ընդհանուր նպատակը։ Իսկ ինչպես Պետքարտուղարության խոսնակ Մարք Թոներն է ասել. Եթե «Իսլամական պետության» դեմ պայքարում Ռուսաստանը ցանկանում է խաղալ կառուցողական դեր, Վաշինգտոնը կարող է այդ պայքարում համագործակցելու հարցը քննարկել Մոսկվայի հետ։ Հակաահաբեկչության հարցերով համակարգող Թինա Քայդանովն էլ ասում է, թե այս պայքարը երկար է լինելու, ինչը պահանջելու է ռազմական գործողություններում բազմակի դերակատարներ եւ քաղաքական կամքի հարատեւ դրսեւորում։ «Ամերիկայի ձայն»