«Ինչքան արվեստը բարձր է, այնքան ունի ունկնդրի սահմանափակ շրջանակ» (տեսանյութ)
Այսօր Երևանում մեկնարկեց «Երևան-Ջազ ֆեստ 2015» միջազգային փառատոնը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փառատոնի բացումը կանի Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ , ինչպես նաև ելույթ կունենան Նինո Կատամաձեն, Արցախի ջազ նվագախումբը , Արթուր Սաթյանը, Լևոն Մալխասյանը , Վահագն Հայրապետյանը , Սերգեյ Մանուկյանը , Լորեն Ռոբինը, Արմեն Թութունջյանը (Չիկո) և այլ անվանի ջազ երգիչներ ու երաժիշտներ։ «Երևան-ջազ» ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանի խոսքերով՝ ջազի հայկական նորաստեղծ ասոցիացիան նպատակ ունի հնարավորինս կարճ ժամկետներում վերականգնել հայկական ջազի ավանդույթներն ու համբավը , ինչպես նաև հասնել նրան, որ Երևանը կրկին համարվի ջազի մայրաքաղաք։ «Հենց այդ սկզբունքով էլ մենք ձեռնարկեցինք այս մեծամասշտաբ փառատոնը , որը առաջին քայլն է այն մեծ ճանապարհի, որը անցնելու ենք Երևանը ջազի մայրաքաղաք դարձնելու համար ։ Տարեցտարի կփորձենք ընդլայնել նաև երկրների թիվը, թեև արդեն իսկ մեզ համար շատ կարևոր է միջազգային ճանաչում ունեցող մարդկանց ներգրավվածությունը այս փառատոնին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կամո Մովսիսյանը։ Ջազ երաժիշտ Արմեն Թութունջյանն էլ «Ա1+»-ի հետ զրույցում նշում է. «Մեր քաղաքում ամեն տարի շատ հեղինակավոր ու արժեքավոր միջոցառումներ են տեղի ունենում դասական երաժշտության ոլորտում, բայց արդյունքում չէի ասի, որ մեր ժողովուրդը սկսել է ավելի շատ դասական երաժշտություն լսել, նույնն էլ ջազի վերաբերյալ կասեի։ Ես, իհարկե, կուզեի, որ այս փառատոնը նպաստի նրան, որ ջազ լսող ունկնդրի բանակը մեծանա , բայց մյուս կողմից պետք է շեշտեմ, որ և դասական, և ջազ երաժշտությունը հատուկ լսարանի համար է։ Ինչքան արվեստը բարձր է, այնքան այն դառնում է ավելի սահմանափակ՝ ունկնդրի և գնահատողի շրջանակներում։ Բարձրորակ ջազը երբեք չի եղել մասսայական արվեստ»։ Մանրամասները՝ տեսանյութում