ԶԼՄ-ները թիրախ՝ իրենց հրապարակումների համար (տեսանյութ)
Վիրավորանքի կամ զրպարտության մեղադրանքով առավել շատ թիրախում հայտնվում է տպագիր, այնուհետ ինտերնետային մամուլը։ «Դատական գործերի քանակը քիչ է և պատճառը հիմնականում այն է, որ դատարանները հիմնականում փորձում են համաչափության սկզբունքը պահել»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Նման մեղադրանքներով ընդդեմ լրատվամիջոցների 2015թ-ին դատական նոր հայցերը ինն են։ Վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումից՝ 2010 թվականից մինչև այս տարվա հունիս, տարբեր դատական ատյաններում 126 դատական հայց է եղել: Փորձագետները համեմատականներ են անցկացնում եվրոպական երկրների հետ։ «Որտեղ կայացած է 4-րդ իշխանություն հասկացությունը, այնտեղ քաղաքական գործիչները շատ զգուշավոր են ԶԼՄ-ների հանդեպ»,-նշեց խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Ո՞ր դեպքում լրատվամիջոցը կարող է շահել իր դեմ հարուցված գործը։ Այս կապակցությամբ Արա Ղազարյանն ասաց. «Նույնիսկ խիստ քննադատական խոսքը, սադրող խոսքը կամ վիրավորական բնույթի հիշեցնող խոսքը, կարող է որոշակի կոնտեքստում՝ ելնելով լրագրողի պրոֆեսիոնալիզմից և դրդապատճառից, կարող է արդարացված համարվել»։ Իսկ մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանն այս համատեքստում շեշտում է. «Հայտնի փաստը կա չէ, որ ստիլյագ բառից քաղաքական գործիչը վիրավորվել էր, բայց դա վիրավորական արտահայտություն չի, եթե ինքը դրանից վիրավորվում է , դա դեռևս չի նշանակում, որ վիրավորական արտահայտություն է եղել։ Իսկ այլ բան է զրպարտությունը, որտեղ դու ակնհայտ գրել ես կեղծ փաստ, որը հետո չես կարողանում ապացուցել»։ Մանրամասները՝ տեսանյութում։