Ի՞նչ կարող է տալ «Կոշտ խնայողության» քաղաքականությունը Հայաստանին (տեսանյութ)
Ի՞նչ է իրենից ներկայացնում «կոշտ խնայողության» (austerity) քաղաքականությունը ու որքանո՞վ է այն բնորոշ Հայաստանի տնտեսական քաղաքականությանը։ Այս հարցերի պատասխանները փորձում են գտնել հայ և միջազգային քաղաքագետները։ «Քաղաքական դիսկուրս» հարթակի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած քաղաքատնտեսական քննարկմանը Յորքի համալսարանի դասախոս, քաղաքագետ Ինգար Սոլթին հավաստիացնում է՝ կոշտ խնայողությունը շատ տարածված է ու դոմինանտ տնտեսական քաղաքականությունում. «Ամբողջ աշխարհում austerity-ը, այսինքն՝ կոշտ խնայողությունը, թարգմանվում է նաեւ, որպես պետական ծախսերի կրճատման քաղաքականություն, այն շատ նման է տարբեր երկրներում։ Հիմնականում կրճատումներ են լինում կենսաթոշակներում, առողջապահության ոլորտում, բնորոշ է նաեւ պետական հանրային գույքի մասնավորեցումը»։ Այս քաղաքականության անհրաժեշտության մասին խոսելով, պարոն Սոլթին նախ նշում է, որ հարցը վիճահարույց է. «Ընդհանրապես տնտեսական էլիտաները, որոնք իշխում են աշխարհում պնդում են, որ այս քաղաքականությունն անհրաժեշտ է, բայց շատ են դեպքերը, երբ նման քաղաքականությունն առաջ է բերում մարդկային ճգնաժամեր եւ կատաստրոֆաներ։ «Կոշտ խնայողության» քաղաքականությունը երկրին ավելի մրցունակ է դարձնում, բայց գլոբալ իմաստով միայն մի երկիր կարող է դառնալ մրցունակ, իսկ մյուսները չեն կարող»։