Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԷՑ-ը քաղաքական պատվեր է կատարել» (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-manukyan

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսեց էլեկտրաէներգիայի թանկացման, սուբսիդավորման մասին: Նա ներկայացրեց սակագնի վերաբերյալ ամբողջ պատմությունը եւ նշեց բազմաթիվ հակասություններ Սերժ Սարգսյանի հայտարարությունների, ներկա ու նախկին գործընթացների միջեւ: Նրան պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը եւ վստահեցրեց, որ որեւէ հակասություն այստեղ չկա. «Կա խորհրդատվություն, որն իրականացվում է ՀԾԿՀ-ում ու կարգավորող մյուս մարմիններում ու հարցերի ավելի լայն շրջանակ ունի: Խորհրդատվությունը վերբերում է նրան, թե ՀԾԿՀ որոշումը ճիշտ էր, թե ոչ, այլընտրանք ուներ, թե ոչ: Այս գործընթացն ունի նաեւ 2-րդ, 3-րդ փուլ: Մեր առջեւ նաեւ հարց ենք դրել` արդյոք հնարավո՞ր է ճանապարհ գտնել օպտիմալացնելու սակագները ու որքանով է այն մեր ռազմավարության մեջ տեղավորելու: Դրված հարցադրումները ստանում են իրենց պատասխանները: Ի դեպ, սուվերենին` ՀԾԿՀ-ին աուդիտ չեն անում, միայն խորհրդատվություն»: Արամ Մանուկյանը ի պատասխան ասաց, որ իր խոսքերով Վաչե Գաբրիելյանը մերժեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ աուդիտի վերջում քննարկվելու է էլեկտրաէներգիայի սակագինը: Պարոն Մանուկյանը նաեւ հայտարարեց, որ մյուս հարցն ուղղված է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նա նշեց, որ Մարալիկում ՀՀԿ թեկնածուն ՀԷՑ-ի չեկեր է բաժանել մարդկանց` որպես ընտրակաշառք. «Ես վաղուց եմ ասել, որ ՀԷՑ-ը բարեգործություն է անում ու քաղաքական պատվեր է իջեցնում` էլեկտրական հոսանքի չմուծման համար չեկեր: Պաշտոնական քաղաքական հայտարարորւթյուն եմ անում: Պարոն Աբրահամյան, ես ներկայացնում եմ փաստերը, ինքներդ էլ տվեք դատախազություն»: «Ես էլ հաստատում եմ»,- Արամ Մանուկյանի հայտարարությանը տեղից միացավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Վաչե Գաբրիելյանը միայն ասաց, որ աուդիտը հայտարարված է միայն ՀԷՑ-ի համար, որը մասնավոր ընկերություն է: Այնուհետեւ անջատված խոսափողներով Արամ Մանուկյանն ու Հովիկ Աբրահամյանը սկսեցին բանավիճել: «Սերժ Սարգսյանը ձեր ներկայությամբ է ասել աուդիտի մասին»,- հայտարարեց Արամ Մանուկյանը: «ԱԺ կանոնակարգը մի խախտեք, պարոն Մանուկյան»,- ժպիտով հիշեցրեց Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը եւս արձագանքեց Արամ Մանուկյանի հայտարարությանը` Մարալիկում ՀԷՑ-ի բաժանած չեկերին. «Ես ուզում եմ ասել, որ որեւէ նման բան չի եղել. Մենք պատգամավորներով եղել ենք այնտեղ: 800 ձայնով պարտված թեկնածուն հիմա էլ սկսել է նման հայտարարություններ անել: Որեւէ նման բան չի եղել: Նման թղթեր դուք էլ շատ հանգիստ կարող էիք բաժանել, պարոն Մանուկյան»