Մոտ 200-300 մլն դոլար` «Նաիրիտ»-ի վերագործարկման համար
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բարձրացրեց «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցը: Նրան հետաքրքրում էր` ո՞րն է կառավարության դիրքորոշումը գործարանի վերագործարկման հարցում: Պարոն Զուրաբյանը նաեւ նշեց, որ պատրաստ է դիմելու ԱԺ «Նաիրիտ»-ի հարցերով ենթահանձնաժողովին ու երբ նիստը կայանա, ներկայացնել իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ «Նաիրիտ»-ի հարցը տարբեր հարթություններով քննարկվել է ու ունեն բոլորի վերլուծություններն ու առաջարկությունները. «Գործարանի վերագործարկման համար Կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առաջարկ: Պետք է ցավով ասեմ, որ վերջին տարիներին որեւէ առաջարկ որեւէ ներդրողի կողմից չի եղել: Առաջարկությունները եղել են ցանկությունների տեսքով: Վերագործարկման համար, իրոք, անհրաժեշտ են բավականին լուրջ ներդրումներ` մոտ 200-300 մլն դոլար»: Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ իր ունեցած ուսումնասիրություններում նշված է, որ գործարանի շահութաբերությունը կարող էր բավականին մեծ լինել, սակայն կառավարությունը ընդառաջ չի գնացել ներդրում անել ցանկացող ընկերություններին ու չի ընդունել նրանց առաջարկները. «Ուզում ենք, որ հանրությունը տեսնի հստակ կամք կառավարության վերագործարկման վերաբերյալ, թող փաստերը բացի, որ բոլորին պարզ լինի, որ չարամիտ մոտիվ չկա, որ գործընթացներն ուղղված են գործարանի սնանկացմանը: Բացի այդ, նա խոսեց նաեւ գործարանի արդեն նախկին աշխատակիցներին տրվող աշխատավարձերից. «Տգեղ բան է, երբ նրանց պարտադրել են հրաժարվել տուգանքներից, որ կարողանան ստանալ իրենց աշխատավարձերը»: Երվանդ Զախարյանն արձագանքելով` ասաց, որ շուկայի առումով շատ բան է փոխվել աշխարհում, մանավանդ երբ հարցը վերաբերում է կաուչուկին. «Մասնավորապես ձեր կողմից դիտարկում է եղել, թե 50-60 մլն դոլար ներդրումով հնարավոր է վերագործարկել «Նաիիրտ»-ը: Դա բացարձակ չհիմնավորված հայտարարություն է ու խոսում է գործից անտեղյակ լինելու մասին: Դրանք անգամ գործարանի մեկ-երկու ամսվա շրջանառու միջոցները չեն կարող ապահովել: Ուզում եմ ձեզ վստահենել` Կառավարությանը նպատակահարմար է, որ վերագործարկվի «Նաիրիտ»-ը: Մենք պատրաստ ենք անգամ որոշ ժամանակով սառեցնել գործարանի պարտքերը` մինչեւ վերագործարկումը: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա որեւէ քայլ չի եղել, որ աշխատակիցները ստորագրեն ու հրաժարվեն տուգանքներից, դրանք եղել են իրենց կամքով»: