Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ վիետնամցի ուսանողները 30 տարի անց այցելել են Մայր բուհ

Քաղաքականություն
L8TMrTkkQtTn9kj8xCL27P7Pzp

Սեպտեմբերի 15-19-ը Հայաստանում է լինելու Հայ-վիետնամական բարեկամության խմբի պատվիրակությունը, որի կազմում այն մարդիկ են, ովքեր խորհրդային տարիներին սովորել են հայաստանյան տարբեր բուհերում: Նրանցից մի քանիսն էլ մասնագիտական կրթություն են ստացել հենց ԵՊՀ ֆակուլտետներում: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ կայքը։ 13 հոգուց բաղկացած պատվիրակությանն իր աշխատասենյակում դիմավորեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ներկայացրեց, թե ինչպիսին է համալսարանն այսօր, ինչ մասնագիտությունների գծով են մասնագետներ պատրաստում, քանի ֆակուլտետ, ինստիտուտ և լաբորատորիաներ ունի բուհը, որքան է ուսանողների ու դասախոսների թիվը և այլն: «Այսօր համալսարանն ապահովում է հայկական գիտության շուրջ 1/3-ը: Ունենք մի քանի տասնյակ մասնագետներ, ովքեր զբաղվում են զուտ գիտությամբ, չեն դասավանդում: Շատ ակտիվ են կապերը նաև արտասահմանյան համալսարանների հետ, ուսանողներ ունենք ինչպես եվրոպական, այնպես էլ Մերձավոր արևելքի երկրներից, բայց պետք է ասեմ, որ վիետնամցի ուսանողներ այսօր չունենք, թեև խորհրդային տարիներին բավականին շատ են եղել»,- նշեց պարոն Սիմոնյանը: Վիետնամական պատվիրակության կազմում կան նաև գործարարներ, ովքեր Հայաստան են եկել գործընկերներ գտնելու, կապեր հաստատելու ակնկալիքով: «Մենք արդեն հանդիպումներ ենք ունեցել մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և բազմիցս լսել ենք Ձեր երկրում համալսարանի դերի մասին: Շատ ուրախ ենք, որ մենք ևս կարող ենք նպաստել հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը»,- հանդիպման ընթացքում նշեց պատվիրակության ղեկավար Նգույեն վան Թուանը, ով ևս ժամանակին Հայաստանում է կրթություն ստացել: Հանդիպման ավարտին` հուշանվերները փոխանակելուց հետո, ԵՊՀ վիետնամցի շրջանավարտները ցանկություն հայտնեցին այցելել իրենց հարազատ ֆակուլտետներ, որտեղ վերջին անգամ եղել են շուրջ 30 տարի առաջ: Նրանց հյուրընկալեցին Ֆիզիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Դեղագիտության և քիմիայի, Կենսաբանության ֆակուլտետներում: