Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիրն անտեր է դառնում, երբ միակ հույսը ինչ-որ մեկն է դառնում»

Քաղաքականություն
404c9d0531e8c580699feefa5ef891db

ԱԺ-ում այսօր Սահմանադրական փոփոխությունների նախագծի  շուրջ քննարկմանը ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Պողոսյանից հետաքրքրվեց՝ ո՞վ է ՀՀ Սահմանադրության երաշխավորը այս նախագծով. «Ի՞նչ է նշանակում, որ չկա երաշխավոր. ինչպես գիտենք՝ անտեր ոչ մի բան չի լինում»: Նա նաեւ նկատեց՝ երկրորդ փուլ կարող է անցնել հինգ մանդատ ունեցող քաղաքական ուժը. «Եթե նվազագույն շեմը համարենք 51 տոկոսը, այսինքն՝ տվյալ ուժը կունենա 97 մանդատ: Այդ դեպքում ԱԺ-ն ներկայացուցչական մարմին չի լինի, քանի որ այդ դեպքում անկայուն մեծամասնություն է դառնում: Հնարավորություն ստեղծելով սահմանադրական որոշ հոդվածների փոփոխոթյան՝ իրավիճակային ազդեցության տակ հասարակական դեֆորմացիաներ կարող են լինել»: Պարոն Քոքոբելյանը նաեւ անթույլատրելի համարեց ՀՀ ամբողջականության հետ կապված ցանկացած հարցի քննարկում, անգամ հանրաքվեով լուծելու պարագայում. «Սահմանադրությամբ ՀՀ փաստացի տարածքը ամրագրված է, ու այն քննարկման թեմա չի կարող դառնալ»:  «Կարող է ընդլայնման համար ենք գրել, պարոն Քոքոբելյան»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վարդան Պողոսյանը մեկնաբանեց՝ ասելով, որ երկիրն ու սահմանադրությունն անտեր է դառնում, երբ մեկ անձի է վստահվում երկրի ճակատագիրը, չկա իշխանությունների բաժանում, ու միակ հույսը ինչ-որ մեկն է  դառնում. «Ինչ վերաբերում է հինգ մանդատ ունեցող կուսակցությանը, ապա այն չի կարող երկրորդ փուլ գնալ: Մենք սահմանել ենք, որ անհրաժեշտության դեպքում է տեղի ունենում երկրորդ փուլ, որտեղ կարող են լինել քաղաքական դաշինքներ: Երկրորդ փուլի պարտադիր պահանջ չկա, այլ միայն ֆակուլտատիվ պահանջ կա»: Տարածքային ամբողջականության մասին Վարդան Պողոսյանի դիտարկումը մեկն էր՝ իրականում կարող է լինել Խաչատուր Քոքոբելյանի ասածի տրամագծորեն հակառակ երեւույթը ու մեզ համար շահեկան լինել՝ տարածքների ընդլայնման հարցում: