Անհնազանդության երթի մասին կեղծ էջից է հաղորդագրություն տարածվել
Սեպտեմբերի 12-ին Ազատության հրապարակում նախատեսված անհնազանդության երթը «Ոչ թալանին» նախաձեռնությունը չէր կազմակերպել։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը. «Մենք չէինք կարող կազմակերպել, քանի որ ֆիզիկապես ուղղակի ի վիճակի չէինք։ Մեր անդամներից մի քանիսը հիվանդանոցում էին՝ նախորդ օրվա բողոքի ակցիայի արդյունքում, մի քանիսը՝ վնասվածքներով»։ Արտուշը հստակ չգիտի, թե ով է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այդ միջոցառման վերաբերյալ տեղեկություն հրապարակել։ Այնուամենայնիվ, նախաձեռնության անդամներից ոմանք Ազատության հրապարակում էին, սակայն կարճ ժամանակ անց հեռացան և որևէ միջոցառում տեղի չունեցավ։ Հիմա «Ոչ թալանին»-ի անդամների ինքնազգացողությունը լավ է։ Ի՞նչ են նրանք պատրաստվում անել առաջիկայում. «Հիմա հավաքվում ենք, վերլուծում այն ամենը, ինչ կատարվեց վերջին շրջանում։ Ուզում ենք հասկանալ՝ ինչն էր սխալ, ինչն էր ճիշտ։ Տարբեր մարդիկ տարբեր առաջարկներ են անում՝ կապված հետագա քայլերի հետ։ Մի բան կարող եմ ասել, որ շարունակություն լինելու է»։ Արդյո՞ք նախաձեռնությունն իր պայքարի ընթացքում որոշակի տեղ է տալու նաև սահմանադրական փոփոխությունների հարցին։ «Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք այդ խնդրի շուրջ. ասել ենք, որ դեմ ենք։ Կա նախաձեռնություն, որը զբաղվում է այդ խնդրով, և մենք պատրաստ ենք օժանդակել նրանց»,-նշեց ակտիվիստը։ Հիշեցնենք, որ վերջին անգամ սեպտեմբերի 11-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը մեծ հավաք-երթ անցկացրեց՝ Ազատության հրապարակից հասնելով Բաղրամյան պողոտա։ Գրեթե մինչև լուսաբաց նրանք փակ պահեցին պողոտան։ Ժամը 5.30-ի սահմաններում ոստիկանները ուժով ցրեցին ցույցը՝ ակտիվիստներից մի քանիսին տեղափոխելով ոստիկանական բաժանմունք։ Մոտ երեք ժամ անց բերման ենթարկվածներն ազատ էին արձակվել։