«Չեմ բացառում, որ մեկ- երկու հայի հանդեպ հակահայ գործողություն կատարվի» (տեսանյութ)
Թուրքիայում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ: Քրդերի հետ սրված հարաբերությունները հասցրել են պատերազմի. «Ներկայումս մոտ 20 միլիոն է քուրդ բնակչությունը: Պատերազմական իրավիճակ կը նկատվի որոշ մասերում»,- մեկնաբանում է «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Թուրքիայի իշխանությունն այլևս միահեծան կառավարություն կազմելու հույսը չունի և ստիպված է կոալիցիա կազմել: Ըստ Էստուքյանի՝ աննախադեպ որոշում էր կանխահաս ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 1-ին։ Նա նշեց, թե Թուրքիայի իշխանությունն այս իրավիճակը փորձում է ներկայացնել ոչ թե որպես քրդական, այլ հայկական շարժում. «Հայու կերպարը սարքել են սատանայի կերպար»: Նրա խոսքով՝ աննախադեպ երևույթ էր, որ վերջին խորհրդարանական ընտրություններին հայերի մեծ մասը քվեարկեց քրդական կուսակցության օգտին: ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով՝ իրավիճակն ավելի կլարվի առաջիկայում. «Այս բոլորն ինչ-որ տեղ Էրդողանի խնդիրն է: Նա ուզում էր նախագահի լիազորությունները մեծացնել սահմանադրության մեջ: Համարյա ոչ մի աջակից հիմա ինքը չունի»: Ի՞նչ պետք է անի մեր երկիրն այս պարագայում. «Մենք պետք է զգոն լինենք, հետևենք, որովհետև մեզնից շատ հեռու չեն այդ իրադարձությունները: Բայց չեմ կարծում, որ շատ մեծ սպառնալիք կա Հայաստանի համար»: Նա նույնպես համակարծիք է, որ այս մթնոլորտում փորձ է արվում թիրախ դարձնել հայ համայնքին: «Չեմ բացառում, որ մեկ-երկու հայի հանդեպ հակահայ գործողություն կատարվի, որպեսզի վախեցնեն: Բայց իրենք նաև փորձելու են շատ զգույշ լինել և ծայրահեղ քայլերի չդիմել»: