Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ փոխեց սեպտեմբերի 11-ն աշխարհում (տեսանյութ)

Քաղաքականություն
september11

14 տարի առաջ՝ 2011թ սեպտեմբերի 11-ին  Նյու-Յորքում աննախադեպ ահաբեկչությամբ աշխարհը փոխվեց։ «Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով այսօր աշխարհում շատ բան է փոխվել և Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում և Աֆղանստանում և այլ տեղեր։ Դա այն դրսևորումն էր , որով  կարելի է ասել, որ նոր հանգրվան ստեղծվեց  մինչև սեպտեմբերի 11-ն ու սեպտեմբերի 11-ից հետո»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի և հայ դատի քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ Գերտերությունները դարձան ավելի զգույշ։  Հանուն ազգային անվտանգության՝  հաճախ անգամ ոտնահարվեցին մարդու իրավունքները։ Այս  կապակցությամբ պարոն Մանոյանն ասաց. «Շատ բաներ, որ կարող է  մարդիկ մինչև սեպտեմբերի 11-ը չընդունեին , այսօր անվտանգության առումով ընդունում են։ Երբ որ պետությունը հետևում է, թե դու գրադարանից ինչ գրքեր ես կարդում և սա հենց նույն ԱՄՆ-ի օրենքով է այդպես,  սա ուրեմն արդեն ուրիշ վիճակ է»։ Սակայն  Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից գերտերությունները գլոբալ առումով դասեր չքաղեցին։  Այն պարզապես ստիպեց համաշխարհային հիմնական խաղացողներին  փոխել իրենց մոտեցումները որոշակի հարցերի շուրջ։ Կիրո Մանոյանի խոսքերով՝  այն ուժերը, հատկապես արևմտյան, որոնք ստեղծեցին ժամանակին Ալ -Քաիդան, հետո «Իսլամական պետություն» կազմակերպությունը կամ առնվազն աջակցեցին, որ նման կառույցները զարգանան, ապա այդ ուժերը պետք է հասկանան, որ դա  ի վերջո իրենց իսկ դեմ է շուռ գալու, որովհետև չի կարելի նման կառույցներն այդպիսի գաղափարախոսություններով աճեցնել և միշտ հակակշիռի տակ պահել։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ այս համատեքստում շեշտեց. «Նրանք՝ գերտերությունները, իրենց անվտանգության համակարգը մի աստիճանով բարձրացրեցին կամ գուցե բազմապատկեցին, բայց վստահ եղեք, որ դիմացինը խոցելու միջոցների հարցում նորից կատարելագործեց իր  զինանոցը»։ Ահաբեկչությունների թիվն աշխարհում անընդհատ  աճում է։ Քաղաքագետների գնահատմամբ՝  արևելյան երկրներն այժմ կանգնած են առավել մեծ վտանգի առաջ՝  ի դեմս «Իսլամական պետության»։Վերջինիս և Ալ-Քաիդայի միջև կապ  քաղաքագետները որոշակի առումներով տեսնում են։   Մանրամասները՝ տեսանյութում։