Միգրացիոն դյուրացումներ
ՀՀ կառավարությունն իր համաձայնությունն է տվել «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Արձանագրության կնքման արդյունքում կկարգավորվեն միգրացիայի ոլորտում համագործակցության կարևոր նշանակություն ունեցող հարցեր` ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով ԲՀ տարածքում գտնվելու, այդ թվում նաև` աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով: Գործադիրն իր համաձայնությունն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև միգրացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կբացի այն ուսանողների, երիտասարդ մասնագետների և որակյալ մասնագետների համար, ովքեր ցանկություն ունեն խորացնելու իրենց գիտելիքները, նոր փորձ և հմտություններ ձեռք բերելու իրենց մասնագիտական ասպարեզներում Ֆրանսիայում ուսանելու և աշխատելու միջոցով: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև Հայաստանից դեպի Ֆրանսիա ուղղվող անլեգալ միգրացիոն հոսքի կանխարգելմանը: Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվել է նաև ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան դյուրացնելու ուղղությամբ նախատեսվող եւ իրականացվող քայլերի մասին և հանձնարարել ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ քաղաքացիների տեղական անձնագրերով մուտքը ՀՀ ապահովելու հարցը: «Եթե մենք այդ հարցը լուծենք, ապա ՌԴ շատ քաղաքացիներ առանց խոչընդոտի կգան ՀՀ, ինչը կնպաստի տնտեսության ակտիվությանը և զբոսաշրջության զարգացմանը: Հանձնարարում եմ, որ այս հարցով լրջորեն զբաղվեք և բանակցեք»,-նշել է կառավարության ղեկավարը: Կառավարությունը իր համաձայնությունն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը կնպաստի կրթության, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում միջազգային հարաբերությունների հետագա զարգացմանը: