ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՎԱԽԵՑՐԵԼ ԷԻՆ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինԺամանելով Երեւան` «Փյունիկի» փոխնախագահ Կարեն Հարությունյանը մամուլի ասուլիսում պարզաբանեց «Նեւֆթչիի» հետ հանդիպումից հրաժարվելու պատճառները:
Ասուլիսի սկզբում ակումբի ներկայացուցիչ Անդրանիկ Ծատուրյանը կարդաց «Փյունիկի» ղեկավարության հայտարարությունը, որում մասնավորապես ասում է. «Դեռեւս անցյալ տարի՝ չնայած «Համագործակցության գավաթի» կազմկոմիտեի տված անվտանգության բանավոր երաշխիքներին, նույն մրցաշարում տեղի ունեցած «Փյունիկ» - «Նեւֆթչի» հանդիպումն անցավ անցանկալի միջադեպերով, որոնք կարող էին անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ մարզադաշտ եկած մարզասերների համար: «Փյունիկ» - «Շախտյոր» հանդիպումից հետո, երբ պարզ դարձավ, որ կիսաեզրափակիչում կրկին հանդիպելու են «Փյունիկը» եւ «Նեւֆթչին», ակումբի ղեկավարությունն անմիջապես դիմեց «Համագործակցության գավաթի» կամզակերպիչներին՝ կամ փոխելու կիսաեզրափակիչի ձեւաչափը, կամ տալու անվտանգության գրավոր երաշխիքներ:
Պատճառը շատ ակնհայտ էր, քանի որ դեռեւս «Փյունիկ» - «Շախտյոր» հանդիպմանը, որը կայացավ «Նեւֆթչի» - «Պախտակոր» հանդիպումից հետո եւ որին ներկա էին մեծ թվով ադրբեջանցի երկրպագուներ, արդեն իսկ հնչում էին հայտարարություններ կյանքի եւ մահվան պայքարի, հաշվեհարդար տեսնելու մասին»:
Կարեն Հարությունյանը նշեց, որ իրենք Ռուսաստանի Ֆուտբոլի Միության եւ մրցաշարի կազմկոմիտեի նախագահի հետ բանակցություններ են վարել, սակայն մինչեւ Երեւան ժամանելը գրավոր երաշխիք չեն ստացել:
«Մրցաշարը շատ վատ էր կազմակերպված եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ: Մեզ տեղավորել էին մի հյուրանոցում, որում 1980թ. Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերից հետո, որեւէ փոփոխություն տեղի չէր ունեցել: Սնունդը ահավոր էր. մենք եւ մյուս ակումբները, ստիպված էինք դրսից սնունդ բերել», - ասաց Հարությունյանը:
Կարեն Հարությունյանը ընդգծեց, որ իրենց համար առաջնային էր անվտանգությունը. «Պետք չէ քաղաքականացնել այս հարցը: Մենք ներկա էին եղել նախորդ մրցաշարին եւ լավ գիտակցում ենք, թե հանդիպումից հետո ինչ կարող էր լինել: Մեզ երաշխիքներ էին պետք ոչ միայն մարզադաշտի ներսում, այլ նաեւ դրանից դուրս»:
«Փյունիկի» փոխնախագահը լրագրողներին հասկացրեց, որ իրենց մրցաշարը առանձնապես չէր էլ հուզում եւ եթե իրենց ընդմիշտ որակազրկեն էլ «Համագործակցության գավաթի» խաղարկությունից, ապա իրենց չեն էլ պատրաստվում այն բողոքարկել. «Այդ մրցաշարի փոխարեն կարող ենք ընկերական խաղեր անցկացնել եւ պատրաստվել մրցաշրջանին»: