«Կառավարության փոխհատուցած գումարով հնարավոր չէ սահմանամերձ տների վնասը շտկել»
Սահմանամերձ Չինարի գյուղում այսօր առավոտից խաղաղություն է, կրակոցներ եղել են միայն երեկ երեկոյան կողմ կրակոցներ եւ, բարեբախտաբար. մեծ ավերածություններ չեն եղել: Այսօր «Մեդիա կենտրոն»-ում անցկացված քննարկմանը տեսազանգի միջոցով տեղեկացրեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նրա խոսքերով` այսօր Տավուշի մարզպետի հանձնարարությամբ շրջայց է կազմակերպվել, գնահատվել է վնասի չափը: Պարոն Սաղոյանի պատմելով` վնասվել է 17 տոննա բերք` կազմելով 500 հազար դրամ, որն ամբողջովին կառավարությունը կփոխհատուցի: «Մենք պետք է մեր տան, մեր երկրի տերը լինենք, դրա համար ոչ դպրոցի աշխատանքներն են ընդհատվել, ոչ էլ որեւէ աշխատանք է կասեցվել»,- հպարտությամբ շեշտում է Սամվել Սաղոյանը: «Սահմանային լարվածության հետևանքները սահմանամերձ գյուղերի և բնակիչների վրա» թեմայով քննարկմանը մասնակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները այցելել էին սահմանամերձ գյուղեր ու տեղում ծանոթացել իրավիճակին` այդպիսով փորձելով հասկանալ` արդյոք լրատվամիջոցների հրապարակումները համապատասխանում են իրականությանը: Վարչության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերով` իրենք մեծ ուրախությամբ արձանագրել են, որ գյուղերում խուճապային տրամադրություններ իսկապես չկային. «Եղանք Սեւքար գյուղում, որը տեղացիների պատմելով` 1993թ. ի վեր չէր ռմբակոծվել: Գյուղերում տներ կան, որոնց պատուհանները նայում են ուղիղ ադրբեջանական տարածքին ու դժվար է պատկերացնել, թե մարդիկ ինչ քաջություն պետք է ունենան այնտեղ ապրելու համար: Մի տունն էլ այնպես էր վնասված, որ մարդիկ վստահեցնում էին, որ դա շատ մեծ տրամաչափի զենքից էր հնարավոր ռմբակոծել»: Նրա համար այս օրերին տարօրինակ էր ՀՀ ԱԳՆ լռությունը. «Մինչդեռ պետք է բարձրաձայնել խնդիրները միջազգային ատյաններում: Պետք են նաեւ որոշակի արտոնություններ սահմանապահ գյուղերի համար: Թեեւ անցած տարի ՔՊԿ վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդես եկավ համապատասխան նախաձեռնությամբ` արտոնություններ սահմանել սահմանապահ գյուղերի համար, սակայն դրանք մասնակի կատարվեցին»: Նա նաեւ նշեց, որ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցություն չի եղել` սահմանամերձ գյուղեր այցելելու. «Կարծում եմ, որ միայն գնդակոծությունների օրերին չպետք է լինեն այդ այցելությունները, այլ պետք է պարբերաբար լինեն: Մենք հիմա այստեղից գնում ենք էլի գյուղեր, եւ անընդհատ կապի մեջ ենք»: Սահմանամերձ գյուղերից ՔՊԿ մամլո խոսնակ Ալեն Սիմոնյանի տպավորությունն այն էր, որ մարդիկ այնտեղ իրենց մենակ էին զգում. «Նրանք ասում են` դուք ձեզ համար Երեւանում նստած` որեւիցե ձեւով չեք մտահոգվում: Միակ բացասական էմոցիան դա է եղել: Մարդիկ նշում են, որ 100-120 հազար դրամ փոխհատուցմամբ հնարավոր չէ պատճառված մեծ վնասը փոխհատուցել: Օրինակ` կա Բերքաբեր գյուղի ճանապարհի խնդիրը. երբ սկսվում է ռմբակոծությունը, այն ամբողջովին կտրվում է աշխարհից: Ամենավտանգավոր ճանապարհահատվածը շրջանցելու համար գյուղապետն իր միջոցներով սարի միջով ճանապարհ է բացել, սակայն այն կավե, հողե ճանապարհ է, որը անձրեւի դեպքում անանցանելի է»: Նրա դիտարկմամբ` գյուղի գերեզմանոցը շատ մոտ էր շփման գծին ու բոլոր տապանաքարերի վրա կային ռմբակոծության հետքեր. «Մայրաքաղաքում տնկվող այդ ծաղիկները, ասֆալտապատումը կարող է եւ չլինել, սակայն Բերքաբեր գյուղը պետք է ապահովված լինի ամեն ինչով, որպեսզի իրենք զգան, որ միայնակ չեն: Պետք է հիշենք, որ հենց այդ գյուղից է սկսվում Երեւանի յուրաքանչյուր բնակարանի մուտքը: Դրա համար մենք պետք շատ աչալուրջ լինենք»: