Կառավարությունը կմերժի Նիկոլ Փաշինյանի առաջարկած նախագիծը
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Հավանություն տալ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Այս հարցով վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ նշել, որ կառավարությունը դեմ է այս նախագծի ընդունմանը՝ մի շարք պատճառներով. Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-846-14.08.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ: Ներկայացված նախագծով առաջարկվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «3. Եթե սույն օրենքով նախատեսված կարգով արձանագրված խախտումն իրականացվել է առնվազն 15 տարվա գործարանային թողարկման, կամ առնվազն 10 տարվա գործարանային թողարկման և 250-ից 350 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ մինչև 120 ձիաուժ հզորությամբ շարժիչով թեթև մարդատար ավտոմոբիլով, կամ ավտոբուսով` վարչական ակտով տուգանքները նշանակվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված տուգանքների 50 տոկոսի չափով»: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունման պարագայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում կդրվի և սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը կնվազեն 50 տոկոսով, ինչի արդյունքում կթեթևանա երթևեկությանը հետևող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների ուսերին ծանրացող ֆինանսական բեռը: Հայաստանի Հանրապետության սահմանադրության 14.1-ին հոդվածի համաձայն՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախվածսեռից, ռասայից…գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Օրենքի առջև հավասարության և խտրականության արգելման վերաբերյալ սահմանադրական սկզբունքները ամրագրված են նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (հոդվածներ 2, 7), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (հոդվածներ 2, 26), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում (հոդված 14) և բազմաթիվ այլ փաստաթղթերում... Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախագծի ընդունման դեպքում վարորդների համար կստեղծվեն պատասխանատվության տարբեր պայմաններ՝ կախված գույքային վիճակից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Օրենքի նախագծի ընդունումըՀ այաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում: Միաժամանակ հայտնում ենք, որ հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մկրտչյանը: