Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ, ՈՐՏԵՂ ԿՀԱՆԴԻՊԻ ԲԱՔՎԻ «ՆԵՖԹՉԻԻ» ՀԵՏ

Սպորտ

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության մեջ դուրս եկավ ֆուտբոլի ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթի» խաղարկության կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում «Փյունիկը» հանդիպեց ոչ թե մոլդովական «Շերիֆի», այլ Դոնեցկի «Շախտյորի» հետ: Իսկ «Շերիֆը» հանդիպեց «Կաունասի» հետ, թեեւ ըստ առաջնության կանոնակարգի, պետք է հակառակը տեղի ունենար: Սակայն այդպես էլ չպարզվեց փոփոխության պատճառը:

Ինչեւէ: «Փյունիկը» բավական հաջող հանդես եկավ «Շախտյորի» հետ մրցավեճում եւ 25-րդ րոպեին Տիգրան Ղարաբաղցյանը բացեց խաղի հաշիվը: 2-րդ կեսում հայ ֆուտբոլիստները 2-րդ գնդակը ուղարկեցին մրցակցի դարպասը: Խաղավարտին մոտ «Շախտյորին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն մրցավարի ավելացրած ժամանակահատվածում «Փյունիկին» հաջողվեց 3-րդ գնդակը խփել եւ 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնել:

Կիսաեզրափակիչում «Փյունիկի» մրցակիցը կլինի Բաքվի «Նեւֆթչին», որը քառորդ եզրափակիչում 11 մետրանոց հարվածներով առավելության հասավ Ուզբեկստանի «Պախտակորի» նկատմամբ:

Ի դեպ, անցյալ տարի «Փյունիկը» քառորդ եզրափակիչում 0:2 հաշվով պարտվել էր հենց «Նեւֆթչիին»: