Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵՏԱԿԱՆ ՓՈՂԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԿՓՈԽԱՆՑՎԵՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻՆ

Սպորտ

Երեկ կառավարությունում սպորտի պետական կոմիտեի աշխատանքները վարչապետը գնահատել է բավարար, իսկ օրենսդրական դաշտում, կառավարության որոշումների կատարման ընթացքում, ազգային ժողով - պետական կոմիտե փոխհարաբերություններում՝ շատ դրական: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Պարզվեց, որ 2006 թվականից սպորտկոմիտեն պետական ֆինանսավորը ամբողջությամբ հանձնել է մարզական ֆեդերացիաներին, այսինքն այսուհետեւ բյուջեից հատկացվող գումարները միանգամից փոխանցվելուն են ֆեդերացիաներին. «Այս ամենը փորձել էինք իրականացնել անցած տարի, սակայն խնդիրներ առաջացան, քանի որ ունենք իրոք կայացած ֆեդերացիաներ եւ կան պարզապես թղթի վրա գոյություն ունեցող ֆեդերացիաներ:

Մինչեւ տարեվերջ իրավիճակը շտկեցինք եւ 2006թ-ից այն հստակ կգործի: Խոսքը վերբերվում է 24 ֆեդերացիաների, որոնց հասանելիք գումարները սպորտկոմիտեն չի ստանալու եւ փոխանցելու: Այսուհետեւ նրանք են պատասխանատու Հայաստանի առաջնությունների կազմակերպման, ուսումնամարզական հավաքակների, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների համար»,- նկատեց Իշխան Զաքարյանը:

Նա նշեց, որ 2005թ. մեծ ծավալի աշխատանք է կատարվել մարզադպրոցները եւ հանրակրթական դպրոցների մարզադահլիճները վերանորոգելու ուղղությամբ: Տարբեր միջոցներով հատուկ իրականացվող ծրագրով աշխատանքները կշարունակվեն նաեւ այս տարի, իսկ կավարտվեն 2008թ.-ին: «Աշխատանքները ավարտելուց հետո հանրապետությունում կունենանք մոտ 45-50 նորմալ մարզադպրոց: Առանց նման պայմանների չենք կարող սպորտում հաջողություններ ունենալ», - ասաց Իշխան Զաքարյանը:

Նախորդ տարին ամփոփելով սպորտ կոմիտեի ղեկավարը հայտնեց, որ 2005թ. հայ մարզիկները նվաճել են 89 մեդալ, որոնից 67-ը օլիմպիական մարզաձեւերից:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ռուս մարզիկների դժգոհությունը ծաղկաձորյան պայմաններից՝ Զաքարյանը պատասխանեց. «Այսօր այդ մասին կարդացել եմ մամուլում եւ արագ արձագանքել: Նախ ասեմ, որ խոսքը վերբերվում է դահուկավազքին: Դահուկուղիների հետ կապված խնդրի հետ կապված ոչինչ անել չենք կարող, քանի որ այս տարի եղանակային պայմաններ են այդպես, եւ ձյունը քիչ է: Նրանք դժգոհել են նաեւ, որ ճաշարանում 4 աստիճան է եւ ջուր չկա: Սակայն թող բարի լինեին` ասեին, որ 80 հոգով են գալու: Սպորտբազայի 3-րդ մասնաշենքը վերանորոգված չէ եւ տնօրենը տեսնելով, որ այլեւս տեղ չկա` ստիպված ռուս մարզիկներին տեղավորել է նաեւ այդ շենք: Սկզբում խնդիրներ են եղել, բայց այսօր առավոտյան տնօրենը ինձ զեկուցեց, որ արդեն ամեն ինչ նորմալ է»:

Իշխան Զաքարյանը հավելեց, որ անցած տարի Ռուսաստանի հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք եւ Ռուսաստանի փակ առաջնություն անցկացնելուց հետո մեկնեց աշխարհի առաջնություն՝ 8-10 տարվա ընդմիջումից հետո տալով աշխարհի չեմպիոնների եւ մրցանակակիրներ: