Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին ու այլ խմբերի (տեսանյութ)
«Ժառանգություն կուսակցությունն արդեն արտահայտել է իր տեսակետը Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, մենք դեմ ենք հանդես գալիս դրան, իսկ երեկվա վարչության նիստը հրավիրվել էր, քանի որ վարչության նախորդ որոշումը տարընթերցումների տեղիք էր տվել և հստակեցումների կարիք կար»,- ասում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ իշխանությունը չունի լեգիտիմություն, պետական հանցագործությամբ յուրացրել է իշխանությունը, գողացել է ժողովրդի քվեն և նրա կողմից առաջարկված Սահմանադրությունը չի կարող ընդունելի լինել իրենց համար: «Ժառանգություն» կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ ժողովուրդը դեմ արտահայտվի իշխանությունների կողմից առաջարկած փաստաթղթին. «Ես հանդիպել եմ Ժիրայր Սեֆիլյանի, քաղաքացիական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ և կա միասնաբար փոփոխության դեմ պայքարելու հնարավորություն»,- ասում է պարոն Հովհաննիսյանը: «Ա1+»-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ Քառյակի իր գործընկերներն ամիսներ առաջ Սահմանադրության փոփոխությունների դեմ միասնաբար պայքարելու կոչեր էին հնչեցնում, սակայն այժմ խոսում են դրա դեմ առնվազն չպայքարելու մասին, նրանց մի մասն էլ պաշտպանում է իշխանության այս առաջարկը. «Կարծես տարիներ անցած լինեն այդ օրերից, սակայն ընդամենը ամիսներ առաջ էին: Այո, նրանք միասնաբար պայքարելուց էին խոսում, սակայն հիմա դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել: Քաղաքականություն է, և ես չեմ ուզում դատել նրանց»,- հավելում է նա: Մանրամասները՝ տեսանյութում