«Տավուշի ժողովուրդը ոչ մի խնդիր չունի, զբաղված է իր առօրյա հոգսերով»
Երեկ երեկոյան Տավուշի մարզի Վազաշեն գյուղում հակառակորդի կրակոցների արդյունքում հայկական կողմը ունի երեք քաղաքացիական վիրավոր, իսկ Ներքին Կարմիրաղբյուրում վիրավորվել է մեկ պայմանագրային զինծառայող։ Նրանք այժմ գտնվում են բուժհաստատություններում։ Քաղաքացիների վիճակը թեթև է, իսկ զինծառայողի վիճակը՝ ծանր-կայուն. Այս մասին այսօր ՊՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հակառակորդի կրակահերթը լռեցվել է հայկական կողմի պատասխանի արդյունքում։ Հակառակորդի ոչ մի սադրանք անպատասխան չի մնացել և չի մնալու: Այժմ Տավուշի մարզում իրավիճակը հանգիստ է և վերահսկելի։ Տավուշի ժողովուրդը ոչ մի խնդիր չունի, զբաղված է իր առօրյա հոգսերով,-շեշտում է պարոն Հովհաննիսյանը; Վերջինս նաև հավելեց, որ երկու օր առաջ ադրբեջանական պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը ապատեղեկատվություն էր տարածել այն մասին, որ հայկական կողմից իրենց գյուղերից մեկում եղել է դիվերսիոն հարձակման փորձ հարսանիքի ժամանակ։ Արծրուն Հովհաննիսյանի հավաստմամբ՝ սա իրականությանը չի համապատասխանում. «Ադրբեջանական կողմը նման իբրև թե մարդասիրական կերպարով է հանդես եկել՝ ցույց տալու համար, թե մեր կողմից են կրակահերթերը լինում, սակայն նրանց սադրանքներին չպետք է տրվել, ոչ մի գործողություն անպատասխան չի մնա»,- նշում է ՊՆ խոսնակը։ Արծրուն Հովհաննիսյանը նաև խնդրեց ևս մեկ անգամ հիշեցնել հանրությանը, որ այժմ տարբեր վայրերում ընթանում են զորավարժություններ, և շատ գործողություններ պետք է դիտարկել «Շանթ-2015» պլանային զորավարժությունների համատեքստում։