«Նոր սահմանադրությամբ ընտանիքը ներկայացված է որպես բուծարան»
ՀՀ մակրո մոտեցումների տեսանկյունից լուրջ քննադատության չի դիմանում նոր Սահմանադրության նախագիծը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց քաղաքագետ, 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն՝ ավելացնելով. «Քանի որ Սահմանադրության առանձնահատկությունը՝ որպես հայ ժողովրդի Սահմանադրություն, չեմ կարողանում գտնել նրա մեջ. բոլոր մյուս ժողովուրդներից առանձնացնող բան չկա»: Ըստ նրա՝ նեգատիվ դինամիկայի պայմաններում, ինչպես օրինակ՝ արտագաղթն է, նոր Սահմանադրություն ընդունելը անընդունելի եմ համարում. «Երբ փոփոխում ենք Սահմանադրությունը, ապա մենք վերեւից ներքեւ փոխում ենք իրավական ողջ դաշտը եւ արդեն կարող ենք խոսել նոր իրավիճակի մասին»: Վարդան Խաչատրյանը նշում է նոր Սահմանադրության նախագծի լուրջ թերությունը՝ ընտանիքի ձեւակերպումը. «Հայ ժողովրդի առհավատչյան նստած է նրա ընտանիքի վրա, մինչդեռ այն այս նոր Սահմանադրության մեջ հայտարարված է որպես բուծարան՝ հասարակական քանակական բազմապատկման հնարավորություն»: Նա նաեւ կարծում է, որ պետք է լրջորեն վերանայել եկեղեցու հետ հարաբերությունները. «Տերմինը սխալ է օգտագործված՝ հայաստանյայց: Հայ եկեղեցին սփռված է աշխարհով մեկ ու միայն ՀՀ-ով չի սահմանափակվում»: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի եւ մասնավորապես ընդդիմադիր մի քանի ուժի հանդիպումներին Սերժ Սարգսյանի հետ, ապա պարոն Խաչատրյանը չի կարծում, որ այդ հանդիպումները որեւէ արդյունք կարող են տալ: Ըստ նրա՝ մեր քաղաքական դաշտը լյումպենիզացված է եւ մանիպուլացված: