Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վենետիկի հանձնաժողովն իր վերջնական խոսքը կասի սեպտեմբերին

Քաղաքականություն
վենետիկ

Փոխելով Սահմանադրությունը՝ Սերժ Սարգսյանը ցանկանում է հաղթահարել երրորդ անգամ երկիրը կառավարելու սահմանադրական արգելքը. Արդյո՞ք այս մասին տեղյակ է Վենետիկի հանձնաժողովը։ Հարց է բարձրացնում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպմանը, որին հրավիրված են քաղաքական և հասարակական տասնյակ ուժերի ներկայացուցիչներ: Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը պատասխանում է. «Մեր գործը չէ գնահատել քաղաքական այս կամ այն իրողությունը։ Իհարկե՝ ձեր հայտարարությունը հետաքրքիր է, սակայն մենք չունենք փաստական տվյալներ՝ այդ տեսակետը գնահատելու համար»։  Իսկ հնարավոր չէ՞ նոր Սահմանադրության տեքստից հանել այն սահմանումը, որով նախատեսվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացում և կայուն մեծամասնության ձևավորում. hետաքրքրվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ «Դա եղել է նաև մեր մտահոգության պատճառը, ինչը երեկ ներկայացրել ենք Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովին։ Մենք հասել ենք ընդհանուր ընկալման, որ պետք է փոխվի այդ դրույթը»,- պատասխանում է պարոն Գրաբենվարտերը։  ԱԺ Ժառանգություն կուսակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հանձնաժողովից հետաքրքրվեց՝ ուսումնասիրե՞լ են արդյոք Եվրոպական երկրների փորձը, զարգացած ո՞ր պետություններում է իշխանությունը ձևավորվում այս մոդելով։ «Մեր գործառույթը չէ ուսումնասիրություններ անցկացնել, սակայն եթե նույնիսկ եվրոպական 10 երկիր այս մոդելով ձևավորեր իշխանություն, մենք նույնը խորհուրդ չէինք տա Հայաստանին, քանի որ ձեր երկիրն իրեն բնորոշ առանձնահատկություններ ունի»,- պատասխանում է Քրիստոֆ Գրաբենվարտերը ։  Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ նմանություններ է տեսել կայուն մեծամասնության ձևավորման դրույթի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ու Սերժ Սարգսյանի աշխատակազմի ներկայացրած փաստարկների միջև։ Պարոն Գրաբենվարտերը նշում է. «Մենք փորձել ենք հավասարակշռված դիտարկումներ անել Սահմանադրության տեքստի մասին, որը կլինի նաև համապատասխան երկրի համատեքստին։ Մենք նպատակ ունենք, որ բոլոր նկատողությունները հաշվի առնվեն»։  Որպեսզի Սահմանադրական փոփոխություններն ընդունելի լինեն այլ քաղաքական ուժերի համար ևս, Հանրապետականը պատրաստ է քննարկել վիճարկվող կետերը. «Կայուն մեծամասնության հասնելու համար կան բազմաթիվ ճանապարհներ, եթե միանգամից երկրորդ փուլն ընդունելի չէ քաղաքական դաշտի համար, կարելի է մտածել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը։  Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրության փոփոխված տեքստի մասին իր վերջնական գնահատականները կտա սեպտեմբերին։