Եվրոպայի դռները դեռ բաց են մեր երկրի առջև (տեսանյութ)
Չնայած մեր երկիրն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, սակայն Եվրամիության հետ կապն անգամ կառավարական մակարդակում չի խաթարվել: «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի հերթական կոնֆերանսը նվիրված էր Եվրոպական միության ինտեգրացիայի և քաղհասարակության առավելապես վերջին շրջանի ակտիվ գործունեության վերլուծությանն ու գնահատականին: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը գտնում է, որ Եվրոպական ժողովրդավարական արժեքներով պետք է ղեկավարվի ցանկացած կայացած հասարակություն, ինչը կարող է ներմուծել քաղաքացիական առողջ հասարակությունը: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահ է, որ վաղ թե ուշ մեր հանրապետությունը ինտեգրվելու է Եվրոպական ընտանիքին, պարզապես համաշխարհային մի շարք գործընթացների պատճառով այն փոքր-ինչ ձգձգվում է: Ցավոք, նրա խոսքով, մեր հասարակությունը, ինֆորմացիայի և հանրային նվազ քննարկումների պատճառով չկարողացավ հստակ գնահատել իր կորուստներն ու առավելությունները Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուց հետո: Եվրոպայի դռները դեռ բաց են մեր երկրի առջև, չնայած կորուստներն իրենց հերթին խիստ նկատելի են: ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն անդրադարձավ Եվրոպական ինտեգրման ներկա շրջափուլին և Հայաստանում քաղհասարակության ծավալած բուռն ու իր տեսակով նաև ոչ պակաս արդյունավետ շարժումներին, դրանց հետևանքներին: Վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու և իրենք պատրաստ են ամեն կերպ աջակցել ժողովրդավարական արժեքների տարածմանը միտված բոլոր տիպի նախաձեռնություններն ու ծրագրերը: