Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքիայի վիճակն իր բացասական ազդեցությունը կունենա հայկական համայնքի վրա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sXG74yWI2p8

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները ի սկզբանե կանխատեսելի էին։ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չկարողացավ  մարսել քրդական կուսակցության մուտքը թուրքական մեջլիս։ Արտահերթ ընտրությունները  նաև անհրաժեշտություն են։ «Հիմա անգամ մինչև նոյեմբեր բարդություններ պիտի ունենան, որովհետև ըստ գործող օրենսդրության՝ պիտի ժամանակավոր կառավարություն ձևավորվի, որի մեջ խորհրդարան անցած կուսակցությունները համամասնորեն պիտի ներկայացված լինեն կառավարության մեջ, բայց մենք գիտենք, որ այստեղ ազգայնականները և քրդերը իրար հետ  չեն կարող նույն  կառավարության մեջ լինել, թեև քրդերը համաձայն են, բայց  ազգայանականները՝ ոչ, հետևաբար Էրդողանը մեծ ընտրություն չուներ, ինքը գնում է դրան»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Արա Պապյանը։ Քայլերը, որոնք ձեռնարկում է  պաշտոնական Անկարան իր միակուսակցական կառավարություն ձևավորելու նպատակն իրագործելու համար,  ապարդյուն չեն անցնի։ «Մի քանի տոկոսով ձայները կավելանան՝ 45-46 տոկոս ձայն կստանան, իսկ դա հնարավորություն կտա, որ նրանք կազմեն իրենց միատարր կառավարությունը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, այլ ոչ թե կոալիցիոն»,-ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Թուրքագետը թվարկում է այն հնարավոր  սցենարները, որոնց  արդյունքում ներկայիս կառավարող կուսակցությանն այս անգամ կհաջողվի հաղթահարել ձայների բավարար շեմը՝  Թուրքիայի ամենածայրահեղ  ազգայանամոլական ուժերին իր շուրջը համախմբելով։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության դեմ արդեն տարվում է  ագրեսիվ և կատաղի հակաքարոզչություն։ Այս համատեքստում պարոն Սաֆրաստյանը շեշտում է. «Փորձ է արվում այդ կուսակցությունը ներկայացնել որպես ահաբեկչական կազմակերպություն ՝ կուսակցության ղեկավարությանը մասնավորապես և այդ պատրվակով արգելել կուսակցության ղեկավարությանը, որ նա մասնակցի ընտրություններին, ադպիսով կուսակցությանը հասնելով մինչև ինքնալուծարում»։ Քաղաքագետ Արա Պապյանը չի կիսում այս տեսակետը։ Նա համոզված է՝ արտահերթ ընտրություններում  ևս քրդամետ կուսակցությանը կհաջողվի վերստին  հաստատել իր դիրքերը թուրքական խորհրդարանում։ Թուրքիայի ներքաղաքական  հեղհեղուկ  իրավիճակն  իր բացասական  ազդեցությունը կունենա  հայկական համայնքի վրա։ Ըստ փորձագետների՝ նրանց նկատմամբ ճնշումներն առավել  արտահայտված կդառնան։  Այդ ուղղակի,  թե անուղղակի  կերպով  բացասական  կանդրադառնա  նաև Հայաստանի վրա՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման  և այլ առումներով։   Մանրամասները՝ տեսանյութում