«Բուֆետի մոտ հավաքվեցին, քննարկեցին հռչակագրի յուրաքանչյուր բառ» (տեսանյութ)
25 տարի առաջ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը ընդունվեց 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում։ Անկախության hռչակագրի մի օրինակը պահվում է ՀՀ քաղաքացի Վազգեն Ասլիկյանի մոտ, որը 1990թ-ին երևանյան դպրոցներից մեկի տնօրեն էր։ Նա այդ փաստաթուղթը ստացել է Հռչակագիրը առաջինը ընթերցած գործչից՝ Արամ Մանուկյանից։
«Ծանոթացանք Արամի հետ, սկսեց իմ ու Արամի բարեկամությունը, այդ պահին ես իմ գիրքը նվիրեցի, ինքն էլ հանեց հռչակագիրը նվիրեց ինձ։ Ժողովուրդը մեծ խանդավառության մեջ էր, բայց դժբախտաբար այդ խանդավառությունն աստիճանաբար մարեց և ժողովուրդն այդպես էլ չվայելեց և չի վայելում անկախության այն պտուղները, որոնց սպասում էր տարիներ շարունակ»,-պատմում է Ասլիկյանը։
«Ես հիշում եմ, երբ առավոտյան եկանք մեկ անգամ ևս այդ հռչակագրի տեքստը հենց առաջին հարկում` բուֆետի մոտ հավաքվեցին, քննարկեցին յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր տառ…քննարկելուց հետո արդեն ընթերցվեց դրանից հետո բոլորս բացականչություններ, ծափահարություններ»,-հիշում է Խաչիկ Ոսկանյանն, ով այդ ժամանակ աշխատում էր Գերագույն խորհրդում։
Հիշեցնենք, որ 1990թ. հռչակագիրը ոչ միայն անկախ պետությունը վերականգնելու արտահայտություն էր, այլև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման փաստացի իրողությանը իրավական տեսք տալու փորձ։
