ՀՅԴ-ն կպաշտպանի նոր Սահմանադրությունը, եթե անգամ իր առաջարկները չանցնեն (տեսանյութ)
Դաշնակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին և հանրաքվեի անցկացման դեպքում կանի ամեն ինչ, որ այն ընդունվի ժողովրդի կողմից: «Մեր հիմնական մտահոգություններն ու առաջարկներն արտացոլված են Սահմանադրության նոր տեքստում: Այս ամբողջ ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել նախագահի հետ, մասնագիտական տարբեր շրջանակների հետ։ Մեր առաջարկների 90-95%-ն ընդունվել է, սակայն պատրաստվում ենք ներկայացնել ևս 20 առաջարկ»,- ասում է ԱԺ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը: Ըստ նրա՝ նոր Սահմանադրության ընդունումից հետո երկիրը գնալու է այն ուղղությամբ, որն իրենք պատկերացնում են: «Այժմ սկսվում է ԱԺ-ում քննարկումների փուլը, հետո նաև նախատեսվում է հանրաքվեի անցկացում: Սահմանադրության այս նախագիծը հիմնականում համապատասխանում է մեր մոտեցումներին, և մենք անելու ենք ամեն ինչ, որ այն ընդունվի»- նշում է պարոն Ռուստամյանը։ Սակայն Դաշնակցությունը նաեւ ունի վերապահումներ առաջարկվող տեքստի վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթին, որը Սահմանադրության տեքստից հանելու առաջարկ արել էր նաև Վենետիկի հանձնաժողովը։ «Մենք վերապահումներ ունենք նաև մարդու իրավունքներին վերաբերող մի քանի հոդվածների հարցում։ Պատրաստվում ենք նաև դրանք փոխելու շուրջ առաջարկներ ներկայացնել»։ Ըստ Արմեն Ռուստամյանի՝ նոր Սահմանադրության գլխավոր ձեռքբերումն այն է, որ այն բացառում է մենիշխանությունը. «Եթե նայենք անցած տարիներին, կարող ենք տեսնել, որ իշխանությունները կարողացել են մեծամասնական և համամասնական ընտրակարգերով ԱԺ-ում ապահովել մեծամասնություն։ Հիմա, երբ արդեն հանվում է նաև մեծամասնական ընտրակարգը, այդ խնդիրն էլ է վերանում»։ Պարոն Ռուստամյանը համաձայն չէ պնդումներին, թե չկա Սահմանադրությունը փոխելու պահանջ հասարակական և քաղաքական ուժերի կողմից։ «Քաղաքական պահանջ եղել է միշտ Սահմանադրության փոփոխման և հիմա էլ պետք է, որ քաղաքական ուժերն ու հասարակությունը մտնի բովանդակային քննարկումների փուլ՝ փաստարկներ ներկայացնի»։ Արմեն Ռուստամյանը գտնում է, որ գործող համակարգի մնալու դեպքում իշխանությունները հնարավորություն են ունենալու վերարտադրվել։ «Այս համակարգը մենիշխանություն ծնող համակարգ է։ Մենք քսանհինգ տարի շարունակ առաջարկել էինք գնալ խորհրդարանական կառավարման համակարգի: Եվ եթե ընտրություններում իշխանական ուժը պարտվի, այս վիճակը փոխելու համար սա հարմար առիթ է»,- ասում է նա։ «Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք ՀՅԴ-ն շարունակելու է կողմ լինել առաջարկվող Սահմանադրությանը, եթե նույնիսկ չընդունվեն իրենց կողմից առաջ քաշված առաջարկները, Արմեն Ռուստամյանը պատասխանեց հակիրճ. «Այո»։