ԲՀԿ-ն հանում է իշխանական վերարտադրության հարցը եւ չկա «ոչ»-ի պայքարում (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստանը» չի միանալու սահմանադրական բարեփոխումների դեմ «ոչ»-ի պայքարին։ Կուսակցությունը նաև հանում է ժամանակին իր կողմից քննարկվող իշխանական վերարտադրության հարցը։ Այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ «Իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել ռեալ...ես չեմ նայում սև ու սպիտակ։ Հենց հիմա ԲՀԿ-ում քաղաքական խորհրդում մասնագիտական մակարդակով քննարկումները շարունակվում են, բայց ԲՀԿ-ն պետք է քաղաքական վերջնական որոշում կայացնի։ Վերարտադրության հարցը մենք հստակ հանում ենք։ Եթե կա ընդդիմադիր այնպիսի շարժում, որ պետք է էդ «ոչ»-ի շարժումը շալակի ու գնա սարեր շուռ տա, մենք էդ բանը չենք տեսնում։ Մեր վերջնական որոշումը քաղաքական խորհրդի նիստում կարձանագրենք, բայց «ոչ»-ի շարժմանը ես կարող եմ հստակ պնդել, որ Բարգավաճ Հայաստանը չի միանալու»,-ասաց Մելքումյանը։ Իր հերթին, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն անդրադառնալով իշխանության վերարտադրության գործոնին՝ հայտարարեց, որ այսօր գործող համակարգը ևս դա թույլ է տալիս, և կոչ արեց սահմանադրական բարեփոխումների նախագծին միանշանակ բացասական գնահատական չտալ և սպասել ԱԺ-ում դրա քննարկմանը։