Խոսրով Հարությունյանը մեկնաբանում է. Հայաստանը Իտալիա չէ (տեսանյութ)
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը բացատրում է, թե ինչու է Սահմնադրության նոր նախագծում առաջարկվել խորհրդարանական կայուն մեծամասնության գաղափարը։ «Հայաստանը իրեն չի կարող թույլ տալ Իտալիայի շռայլությունը, մենք չենք կարող մեկ տարի երկու տարի պերմանենտ ընտրություններ անցկացնել, չունենանք, ասենք, թե ձևավորված կառավարություն։ Այդ է պատճառը, որ Սահմանադրության մեջ ամրագրված է քաղաքական մեծամասնության թեզը»,- ասաց նա։ Սահմանադրության փոփոխված տարբերակի շուրջ քննարկումներին ոչ բոլոր քաղաքական ուժերն են մասնակցում։ Չմասնակցող ուժերը հայտարարում են, որ իշխանության առաջարկած փաստաթղթի շուրջ քննարկումները պետք է բոյկոտել կամ այն օգտագործել նրանց հեռացնելու համար։ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը արձագանքում է այս մոտեցմանը. «Քաղաքական բանական վարքը ենթադրում է, որ բոլոր կուսակցությունները՝ անկախ նրանից՝ համաձայն են, համաձայն չեն, այս կարևոր փաստաթղթի շուրջ քննարկումներին պետք է մասնակցեն»։