Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու են Նազարյանին ճիճու անվանել (տեսանյութ)

Քաղաքականություն
a9be292fd87e2e395748a0a1c0a1e9bc

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության նամակը համարել է վիրավորական։ Նախաձեռնության անդամ Դավիթ Հովաննիսյանը նշում է. «Մենք այնտեղ գրել էինք, որ դուք ճիճուների նման մտել էիք ձեր բները և դուրս չէիք գալիս այն ժամանակ, երբ ժողովուրդը Բաղրամյան պողոտայում էր։ Ինքն էլ ասել է, որ դա վիրավորանք է»։ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ՀԾԿՀ անդամները պետք է գնային Բաղրամյան պողոտա. «Իրենք պիտի բացատրեին, ինչո՞ւ հունիսի 23-ին ու հունիսի 28-ին, երբ ցուցարարներն ու ոստիկանությունը կանգնած էին բախման առաջ, իրենք այնտեղ չեն եղել»։ Նախաձեռնությունը ՀԾԿՀ-ին ուղղված նամակում հիմնավորել է, թե ինչու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները պետք է հրաժարական տան։ «Իրենց գործողությունները մեր ժողովրդի մոտ չի ընդունվում, այսինքն՝ իրենք իրենց թերի մանագիտական ունակություններով, իրենց կոռումպացվածության առումով ժողովրդին դեմ են»,- կարծում է Դավիթ Հովհաննիսյանը։ Հրաժարականները պահանջելու հարցում քաղաքացիների աջակցությունն ստանալու համար նախաձեռնությունը շարունակում է ստորագրահավաքը Հանրապետության հրապարակում։ «Ստորագրությունները մենք կհավաքենք և եթե ժողովուրդը մեր պահանջի հետ սոլիդար է, մենք դա կհրապարակենք, միգուցե նաև փոխանցենք իրենց»,- նշում է նա։ Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ այս օրերին ինչ-որ մարդիկ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անունը փորձում են օգտագործել իրենց շահերի համար. «Քաղաքի տարբեր շրջաններում ինչ-որ մարդիկ մտնում են բնակարաններ, փող են մուրում, ասելով, որ դա այս նստացույցի հետ կապ ունի։ Հիմա ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ նման բան չկա»։ Օգոստոսի 11-ի հանրահավաքում նախաձեռնությունը ամփոփելու է իր մեկ ամսվա աշխատանքը։ Նախաձեռնության պահանջներն անփոփոխ են՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարական, ՀԷՑ-ի ազգայնացում, Էներգետիկ ոլորտում պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջ։ Առանց մանրամասնելու, սակայն, նախաձեռնության անդամները շեշտում են՝ պահանջների օրակարգը կարող է ընդլայնվել։ Սա դեռևս քննարկման փուլում է։