Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կ. Ավագյան. «Ընդդիմությունը կարող է վերահսկել ԱԺ-ն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Karen-Avagyan

Ընդդիմությունը նոր խորհրդարանում կարող է մասնակցել Վերահսկիչ պալատի, Կենտրոնական բանկի կամ Հեռուստատեսության եւ Ազգային Ժողովի հանձնաժողովների անդամների ընտրություններին, բայց նրանց վերահսկել կամ պաշտոնանկ անելու սահմանադրական լիազորություն չունի։ Հանրապետական Կարեն Ավագյանը համաձայն է. «Հիմա ունի՞։ -Հիմա էլ չունի։ -Չէ, բա խնդիրը ո՞րն ա։ Երբ որ պատասխանատվությունը վերցվում ա մի կուսակցության կողմից, ով առաջարկում ա վարչապետ, որտե՞ղ ա խնդիրը էդտեղ։ Բնականաբար ամբողջ պատասխանատվությունը ընկնում ա գործող կառավարչի ուսերին»։ Կարեն Ավագյանն, այնուամենայնիվ, իշխանության գործունեությունը վերահսկելու բազմաթիվ ձեւեր գիտի. «Վերահսկողության ձեւը պարտադիր լծակը չի, որ անմիջապես կանչես, հրավիրես քո մոտ, ասես՝ դու էս ես արել, էս ես արել, փառք Աստծո հիմա էնքան մեծ են էդ հնարավորությունները վերահսկողական, որ իրենք կարող են օգտվել էդ հնարավորություններից լրատվականներից սկսած»,- ասում է նա։ Լրատվամիջոցները միակ օգնականը չեն լինի, ըստ պարոն Ավագյանի, ընդդիմությունը կարող է վերահսկել իշխանությանը նաեւ Ազգային Ժողովում. «Հարց ու պատասխանների տեսքով, քննարկումների տեսքով, լսումների տեսքով»։ Կարեն Ավագյանը զարմանում է, երբ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ընդդիմությունը ազդելու նոր խորհրդարանի օրենքների եւ որոշումների ընդունման վրա, եթե ինչպես գործող խորհրդարանում, այնպես էլ հաջորդում ինքը արդեն Սահմանադությամբ լինելու է փոքրամասնություն. «Եթե մեծամասնությունն է բեռը իր վրա վերցրել եւ բնականաբար մեծամասնությունն է քաղաքականություն իրականացնողը, բնական է, որ էդ մեծամասնությունը պետք է ունենա հնարավորություն, իր խնդիրները լուծի»։ Պարոն Ավագյանն անկեղծորեն չէր ցանկանա, որ ձեւավորվեր մի խորհրդարան, որտեղ կայուն մեծամասնություն չկա եւ մեկ ձայնով կարող է տապալվել որեւէ օրենքի քվեարկությունը. «Ինչ-որ մի մարդ ընդդիմությունից որոշում է, որ չէ ինքը ուզում ա բոյկոտի։ Էս ընթացքում տեսել ենք բոյկոտներ։ Դուք պատկերացրեք էդ բոյկոտների ժամանակ չկարողացվի իրականացվել ծրագրեր»,- ասում է ՀՀԿ խմբակցության անդամը։ Ընդդիմության ազդեցությունը կայուն մեծամասնության վրա, ըստ պատգամավորի սահմանադրական հոդվածներով չպետք է սահմանվի։ Եվ պետք էլ չէ նրանց հավասարեցնել, հենց դրա համար էլ մեկը մեծամասնություն է, մյուսն ընդդիմություն. «Տրամաբանական չի։ Էլ ինչի՞ համար ենք գնում ընտրությունների։ Ի սկզբանէ ասենք՝ եկեք բաժանենք, հավասարեցնենք ու սկսենք կառավարել»։ Ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի, ընտրությունները հենց նրա համար են, որպեսզի ժողովուրդը քվեով մեծամասնություն ձեւավորի։