ԱՍԱԼԱ-ի մարտիկները՝ աղքատության և արտագաղթի մասին (տեսանյութ)
Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկները մտահոգ են Հայաստանում առկա արտագաղթի և աղքատության ծավալներով։ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանը նշում է. «Չի կարելի գոհ ըլլալ իրավիճակից միանշանակ, ես ապրում եմ Հայաստանում, տեսնում եմ ծանր կենցաղային վիճակը, տեսնում եմ ժողովրդի նկատմամբ անարդարությունը»։ Գևորգ Յազրջյանն էլ չի բացառում այս խնդիրներով իրենց կազմակերպության ակտիվացումը. «Երբ տեղը կհասնի, երբ ինչ որ վտանգավոր զարգացումներ կլինեն, իհարկե կազմակերպությունը ոչ միայն տեսակետ կարտահայտի, այլ նաև որոշակի քայլերի կդիմի»։ ԱՍԱԼԱ-ի խնդիրների մեջ է մտնում նաև հայկական երկու պետությունների՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հզորացումը։ Դրա համար, սակայն, անհարժեշտ է օգտագործել Սփյուռքի ներուժը։ Տասնյակ տարիներ արտերկրում ապրած, այժմ Հայաստանում բնակվող պարոն Յազրջյանը շփումների առկա մակարդակը բավարարից էլ ցածր է համարում. «Փոխադարձ անվստահություն գոյություն ունի, երկկողմանի փառամոլական մոտեցումներ կան։ Սփյուռքը զրո է, հայրենիքը՝ մեկը, եթե դու կարողանաս ճիշտ օգտագործել, եթե զրոն աջ կողմում դնես, մեկը դառնում է տասը։»։ Անարդար վերաբերմունք է առկա հատկապես Արցախյան հաղթանակն ապահոված ազատամարտիկների նկատմամբ։ Վազգեն Սիսլյանը անարդար է համարում նաև ազատամարտիկների նկատմամբ վերաբերմունքը։ «Շատերն անգործ, նույնիսկ հաշմանդամություն ունեցող մարդիկ կան, որ նույնիսկ չոր հացի կարիք ունեն։ Իշխանությունները պետք է մտածեն, որ պետությունը ժողովուրդն է, ոչ թե՝ աթոռի վրա նստողը։ Լավ կըլլա իրենք սեփականատերի հոգեբանությունը հանեն իրենց միջից ու մտածեն որպես իշխանություններ»։ Եռաբլուր պանթեոնում այսօր բազմամարդ էր՝ Կարին գործողության 33-րդ ամյակի առիթով։ 1982 թվականի օգոստոսի 7-ին Զոհրախ Սարգսյանի գլխավորությամբ Անկարայի Էսենպողա միջազգային օդանավակայանում իրականացվել էր ռազմական գործողություն, որի ընթացքում զոհվել էր 40 և վիրավորվել 113 մարդ։ Զոհրապ Սարգսյանը զինամթերքի սպառվելուց հետո ինքնասպան է լինում։