«Ազատամարտիկների մեծ մասը իշխանությունների տաշտակից օգտվում է» (տեսանյութ)
«Ազատամարտիկներն էլ քաղաքական ուժերի նման սպասողական վիճակում են։ Ժամանակ առ ժամանակ լինում են արձագանքներ տարբեր խնդիրների վերաբերյալ, սակայն մեր շարքերում անհամախմբվածություն կա»,- ասում է ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը։ Ըստ նրա սակայն, դրանում մեղավոր են ոչ միայն իրենք։ «Իշխանություններն ամեն քայլի դիմում եմ, որպեսզի պառակտեն և՛ հասարակությանը, և՛ քաղաքացիներին, և՛ ազատամարտիկներին, և՛ տարբեր շարժումներին՝ «Ոտքի՛, Հայաստան», «Ո՛չ թալանին» և այլն։ Եկեք չթաքցնենք, որ առայժմ չի ստացվում համախմբվել, սակայն կգա օրը ու կհամախմբեն բոլորը իշխանությունների դեմ»,- նշում է ազատամարտիկը։ Ըստ պարոն Ավետիսյանի՝ ազատամարտիկների գերակշիռ մասը դեմ է սահմանադրական փոփոխություններին։ «Բոլոր այն տղաները, որոնց հետ զրուցում եմ այս թեմայով, բոլորը դեմ են։ Մենք միահամուռ գտնում ենք, որ պետք չի մտնել քննարկումների մեջ։ Եթե ուզում ենք ինչ-որ փոփոխություններ, պետք է ներկայացվի Սահմանադրության ալտերնատիվ տարբերակ։ Եթե մտնենք քննարկումների մեջ, ասելու են՝ հասարակությունը քննարկեց և՝ ահա՛ Սահմանադրությունը»։ Հարցին, արդյո՞ք ազատամարտիկներն ունեն այն ուժը, որն իշխանություններին կստիպի փոփոխություններ իրականացնել տարբեր ոլորտներում, Խաչիկ Ավետիսյանը պատասխանում է. «Ո՛չ, չունենք այդ ուժը, քանի որ մեզ մոտ էլ տարբեր թևեր կան, տարբեր խմբավորումներ կան։ Ազատամարտիկը ազատամարտիկ է իր անցյալով ընդամենը, սակայն գիտենք, որ շատ բան է փոխվել 20-25 տարում և յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով։ Մեծ մասը իշխանությունների տաշտակից օգտվում է»։ Խաչիկ Ավետիսյանին չի զարմացրել փաստը, որ իր՝ ՄԻՊ գրասենյակի մոտ հացադուլ հայտարարելուց հետո որևէ արձագանք չի եղել իշխանություններից. «Կարելի է նույնիսկ ասել, որ բացասական արձագանքներ եղավ այն ուժերից, որոնց համար ես սկսել էի հացադուլը։ Դա էլ ցույց է տալիս մեր՝ տարբեր գաղափարների տեր լինելը, չէի ասի պառակտված լինելը, քանի որ չէինք էլ միացել»։