Հայ միգրանտները՝ սև շուկայի ակտիվ սուբյեկտներ (տեսանյութ)
Հաճախ Եվրոպա մեկնող աշխատանքային միգրանտը հայտնվում է բոլորովին այլ իրավիճակում։ Եվ արդյունքում՝ հայ միգրանտը համալրում է տվյալ երկրի սև շուկան։ Այսպիսի դեպքերը Լեհաստանում քիչ չեն։ «Քաղաքացին գալիս է Լեհաստան և պարզվում է, որ գործատուն նրան չի առաջարկում այնպիսի պայմաններ, որոնք նախքան այցն էին խոստացվել և քաղաքացին կանգնում է փաստի առաջ։ Օրինակ, խոստացածին հակառակ՝ տալիս են այնքան գումար, որ հնարավոր չի լինում Լեհաստանում բնակարան վարձակալել, ապահովել կեցությունը և արդյունքում նրանք դառնում են սև շուկայի ակտիվ սուբյեկտներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում շեշտում է Լեհաստանի Մազովեցկե նահանգի օտարերկրացիների հարցերով զբաղվող վարչության ավագ տեսուչ Էվա Բոլդովսկան։ 2014թ-ից ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ուժի մեջ են մտել վիզաների տրամադրումը դյուրացնելու և Ռեադմիսիայի մասին համաձայնագրերը։ Սակայն, ըստ էության, դրանք ՀՀ քաղաքացիների համար էական փոփոխությունների չեն հանգեցրել։ Այս կապակցությամբ Էվա Բոլդովսկան նշում է. «Մենք միշտ ստուգում ենք, թե արդյոք տվյալ քաղաքացին իրեն տրամադրված վիզան նպատակային է օգտագործում։ Այսինքն, եթե իր նպատակն աշխատանքն է, արդյո՞ք նա աշխատում է որևէ գործատուի մոտ, թե ոչ»։ Լեհաստանի օրենսդրությունը թույլ է տալիս, որպեսզի ապօրինի ներգաղթյալները ձեռք բերեն այդ հանրապետության տարածքում իրենց կեցությունը օրինականացնելու իրավունք։ Այսինքն՝ կա Լեհաստանի հանրապետությունում մարդասիրական հիմունքներով կեցությունը օրինականացնելու հնարավորություն։ Այս օրենքն ուժի մեջ է մտել 2014թ-ի մայիսի 1-ից։ Այս համատեքստում վերոնշյալ վարչության ավագ տեսուչ Պաուլինա Լևոչիկն ասում է. «Այդ հնարավորությունից օգտվելու համար՝ այդ մարդիկ պետք է ներկայացնեն որոշակի հիմքեր, որոնցից մեկն էլ այն է, որ երեխաները հաճախում են դպրոց,երկար տարիներ ապրել են այստեղ և այլն։ Այսինքն, եթե ապացուցի, որ ինչ-որ կերպ կարողացել է հոգալ իր ծախսերը Լեհաստանում, դա արդեն իսկ հիմք է , որ օտարերկրացին կարողանա օրինականացնել իր կեցությունը»։ Ի դեպ՝ ՀՀ փաստաթղթերով, սակայն առանց կոնկրետ ուղղության վերջին տարիներին Հայաստանի սահմանի հատման ելքի դեպքերն ավելի շատ են։ Մանրամասները՝ տեսանյութում։