«Դուք մեր ծառաներն եք, ինչ իրավունքով եք մեզ հարվածում». քաղաքացին՝ ոստիկաններին
«Ոտքի Հայաստան»-ի ակտիվիստներից երկուսը փորձեցին ճեղքել ոստիկանական պատը և դիրքավորվել հրապարակի կենտրոնում՝ նստելով գետնին։ Ոստիկանները սակայն նրանց բռնի ուժով, այսինքն ոտքերից ու ձեռքերից բռնած տեղափոխեցին կենտրոնական մասից դեպի հարակից տարածք։
Այնտեղ հավաքվածներից մի տարեց մարդ նկատեց, թե ինչպես է ոստիկանը հարվածում երիտասարդին՝ տեղափոխելու ընթացքում։ Տարեց քաղաքացին սկսեց ամոթանք տալ ոստիկաններին, ասելով. «Դուք մեր ծառաներն եք, ինչ իրավունքով եք մեզ հարվածում»։ Նրան միացան նաև մնացած ակտիվ քաղաքացիները՝ վանկարկելով ամոթ-ամոթ։
Ակտիվիստները դրանից հետո փակեցին հրապարակի հարակից փողոցներից մեկը, սակայն ոստիկանները նրանց ևս բռնի ուժով փոխադրեցին այլ տարածք։
Դավիթ Սանասարյանը անընդհատ փորձում է քայլել երթևեկելի փողոցներով, ոստիկանները խոչընդոտում են նրա երթը։
