«Հայաստանյան բանկերից որոշները հրաժարվում են աշխատել մեզ հետ» (տեսանյութ)
«Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար»,-ասում է Հայաստանում Իրանի դեսպանը։ Ըստ նրա, Հայաստանը չի կարողացել շրջանցել հարեւան Իրանի նկատմամբ 13 տարի ձգվող պատժամիջոցների ազդեցությունը։ «Հայաստանը և Իրանը պատժամիջոցների կիրառման պատճառով ստիպված են եղել առկախել խոշոր տնտեսական նախագծեր, որոնք արդեն իսկ ստորագրված են կատարման համար՝ էլեկտրաէներգիայի փոխանակում, Մեղրիի ՀԷԿ-ի, Հյուսիս-հարավ միջանցքի և երկաթգծի կառուցում»։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալները վերջին 16 տարվա ընթացքում կրճատվել են ավելի քան երկու անգամ։ Մոհամմադ Ռեիսին սա համարում է Իրանի ֆինանսական համակարգի նկատմամբ խիստ պատժամիջոցների արդյունք։ «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գլխավոր խոչընդոտը բանկային փոխանցումների արգելքն է, որը մենք հույս ունենք վերականգնել պատժամիջոցների վերացումից հետո»։ Պատժամիջոցները խորը ազդեցություն են թողել նաև Հայաստանում իրանական կապիտալի ակտիվության վրա։ Անկախության առաջին տարիներից Հայաստանում գործող իրանական պետական «Մելլաթ» բանկը վերջին տարիներին բավականին պասիվ է ֆինանսական շուկայում։ Պատժամիջոցների պատճառով բանկի ակտիվները վերջին տարիներին նվազել են 50%-ով։ Գործադիր տնօրեն Թուրաջ Մեհրդադը փաստում է, որ բանկը նախավերջինն է հայաստանյան հարկատու բանկերի ցուցակում։ «Մեր բանկը կորցրեց ֆինանսական այնպիսի գործիք, ինչպիսին է «Սվիֆթ» համակարգը։ Այդ է պատճառը, որ մենք Հայաստանում հիմնականում իրականացնում ենք ներքին շուկայի վարկավորում»։ Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են հաշիվ ունենալ «Մելլաթ» բանկում, սակայն նրանք ապահովված չեն լինի այն ծառայություններով, որոնք առաջարկում են այլ բանկերը։ Թուրաջ Մեհրդադը նշում է. «Հայաստանյան բանկերից որոշները հրաժարվում են աշխատել մեզ հետ, մի քանիսի հետ, սակայն կարողանում ենք գործարքներ իրականացնել։ Մենք նախօրոք արդեն մշակել ենք բանկի վերականգնման ծրագիր և սպասում ենք պատժամիջոցների վերացմանը»։ Պատժամիջոցների կիրառման պատճառով Իրանը զրկված է նաև սեփական նավահանգիստների լիարժեք օգտագործումից, ուստի Հայաստանը Մերձավոր Արևելքի հետ առևտուրն իրականացնում է ավելի թանկ ու ժամանակատար վրացական ճանապարհով։ Չնայած դրան՝ Հայաստան մտնող ապրանքների 30 տոկոսը գալիս է հենց Իրանի տարածքով։