Հայկական կոշիկն ու տրիկոտաժը կարելի է ԵՏՄ շուկաներ հանել. Սիդորսկի
Հայաստանը չունի ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահման, և ուստի հասկանալ է պետք, թե ինչ հարցեր կան, որոնք կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով կարող են լուծում ստանալ և Հայաստանի տնտեսությունը հասցնել ԵՏՄ-ի տնտեսական պահանջներին: Այսօր էկոնոմիկայի նախարարության կազմակերպած արդյունաբերական համաժողովի ժամանակ հայտարարեց ԵՏՄ հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորսկին. «Մենք այսօր հստակ պատկերացում ունենք Հայաստանի արդյունաբերությունից: Պետք է այսօր տեսնել այն ոլորտները, որոնք այս համատեքստում կզարգանան: Օրինակ՝ դուք ունեք լավ շինանյութ, իսկ այսօր միության անդամ երկրներում մեծ ծավալի շինանյութ է օգտագործվում: Ես կարծում եմ, որ այս ճյուղը Հայաստանի համար հեռանկարային է: Շինանյութ հիմա ներկրվում է ոչ միության անդամ երկրներից, ուստի հիմա պետք է այն փոխարինել հայկական արտադրանքով, ինչը կարճ ժամանակում կարծում եմ կարվի»,- ասաց նա և հեռանկարային համարեց նաև հայկական կոշիկի արտադրանքը, տրիկոտաժը, որոնք պետք է զարգացնել և ԵՏՄ շուկաներ հանել: Հարցին, թե տարվա կտրվածքով տնտեսական անկումը շարունակություն կունենա? արդյոք, Սերգեյ Սիդորսկին միայն պատասխանեց հույս հայտնելով, որ կխուսափեն «Չէի ասի, որ միանշանակ անկում կլինի, կան տնտեսական հատվածներ, որոնք աճ են գրանցում և կան ճյուղեր, որոնք անկում են ունենում»,- ասաց նա և նշեց, որ հիմնականում խնդիրները արտահանմանն են վերաբերում, և հավելեց, որ նման բացասական միտումները միայն ԵՏՄ-ի համար չեն. «Առևտրաշրջանառության անկումն այսօր ոչ միայն Եվրասիական միությունում է, այլ նաև այլ երկրներում, այդ թվում նաև մեր այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին Եվրամիությունն է, Չինաստանը, Ասիան, Մերձավոր Արևելքը»: ԵՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարարը նշեց, որ իրենց խնդիրն է վերափոխել ընդհանուր տնտեսության առանձնահատկությունը և անդամ երկրների համար շղթայական զարգացում ապահովել: Ըստ նրա՝ աշխատանքներն արդեն իսկ արդյունք են տալիս։ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանից փորձեցինք ճշտել, թե ինչ նկատի ուներ Սերգեյ Սիդորսկին` ասելով, թե Հայաստանը ընդհանուր սահմաններ չունի ԵՏՄ-ի հետ, ինչի արդյունքում կան որոշակի խնդիրներ. Կառավարությունը թաքցրե՞լ է այդ խնդիրները. հարցին նա պատասխանեց. «Թաքցնելու ոչինչ չկա։ Օրինակ ավելացված արժեքի հարկի վերադասման հետ կապված խնդիրներ կան, որոնք ձեւակերպվում են հենց տրանզիտ փոխադրման ժամանակ, երկակի հարկում է տեղի ունենում եւ նմանատիպ այլ խնդիրներ, որոնք այսօր քննարկման հարցերից են: Մենք պետք է խնդրենք, որ դա օրակարգային հարց սարքեն ու սեղմ ժամկետներում լուծում տան»: Ի դեպ, համաժողովը ռուսերեն էր՝ առանց թարգմանության: Լրագրողները փոխնախարար Էմիլ Տարասյանից հետաքրրքվեցին՝ ինչո՞ւ չկար համընթաց հայերեն թարգմանություն. «Այս քննարկումներն իրականացվում են աշխատանքային կարգով, նեղ մասնագիտական թարգմանության որոշակի խնդիրներ չառնելով, որովհետեւ տերմինոլոգիա է օգտագործվում, հենց ԵՏՄ պայմանագրի իրավական տերմինոլոգիան, դրա համար համաժողովի սկզբում ներողամտություն խնդրեցի ներկաներից»: