Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդունելի չէ այս գործընթացին տրված տեմպը. Լ. Ալավերդյանը՝ սահմանադրության մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
larisa

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը համարում է, որ Սահմանադրության առաջարկվող տարբերակը ժողովրդավար կարող է լինել ավելի զարգացած երկրների համար, բայց ոչ մեր դեպքում: «Նոր նախագիծն իր մեջ պարունակում է մեկ հզոր փոփոխություն: Խոսքն ընտրական օրենսգրքի մասին է: Դեռևս որևէ կերպ չքննարկած՝ ընդունել այդ փոփոխությունը, ինձ համար ընդունելի չէ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունը շատ կարևոր է, և քննարկումների ծավալումն ուղղակի անհրաժեշտություն: Երբ ասում են՝ համամասնական ընտրակարգ է ներդրվում, նորից հասկանալի չէ, քանի որ գոյություն ունեն մի քանի համամասնական ընտրակարգեր»: Տիկին Ալավերդյանի համոզմամբ՝ հասարակությանը հրամցվում են բաներ, որոնք շատ դժվար հասկանալի են: «Ես այստեղ տեսնում եմ շատ ավելի մեծ մարտահրավերներ: Խորհրդարանի կազմի ընտրության մասում մի դեպքում նշվում է «ընտրություն», երկրորդ փուլի համար՝ «քվեարկություն»: Սրանք տարբեր բաներ են և հստակ ձևակերպված չեն»: Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն հարցը պետք է լինի այն, թե նոր Սահմանադրության ընդունումից հետո որքանո՞վ է կայունանալու պետությունը: Տիկին Ալավերդյանը վերապահումներ ունի նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմի վերաբերյալ: «Ես այնտեղ չեմ տեսնում լավ իրավաբաններ, լավ հոգեբաններ, լավ հասարակագետներ, լավ քաղաքագետներ: Սահմանադրությունը տեսական բովանդակություն պետք է չունենա. Քաղաքագետը չի կարող վերլուծել հոգեբանի փոխարեն, իրավաբանը՝ հասարակագետի և այլն»: Սահմանադրությունում հստակ արտահայտված չեն նաև ազգային փոքրամասնությունների շահերը: «Հայկական համայնքն, օրինակ, Հունգարիայում ունի լայն արտոնություններ, մշակութային ինքնավարություն և կարգավիճակ: Դրա կարիքն ունեն նաև հայաստանյան ազգային փոքրամասնությունները, ինչը բացակայում է այս նախագծով»: Տիկին Ալավերդյանի համոզմամբ՝ գործող համակարգը իր թերություններով ու առավելություններով հանդերձ՝ դեռ երկար է մնալու, քանի որ հասարակությունը դժվար է ենթարկվում փոփոխություններին: «Ընդունելի չէ նաև այս գործընթացին տրված տեմպը, առանց լայն քննարկումների, առանց հասարակական որոշակի պահանջի փոփոխությունների իրականացումը ինձ համար անընդունելի է: Օրինակ՝ կյանքի իրավունքի դեպքում կարելի է մարդուն զրկել բացարձակ անհրաժեշտության դեպքում, սակայն հստակ սահմանված չէ, թե դա ինչ է իրենից ներկայացնում»: Նրա համար անհասկանալի է, թե ինչու են իրականացվում սահմանադրական փոփոխությունները հիմա. «Ես միշտ եմ կողմ եղել խորհրդարանական կառավարման համակարգին, սակայն մի հարց ունեմ, ինչո՞ւ հիմա: Ինձ համար այժմյան տեմպերն ընդունելի չեն»: