Ուժի մեջ մտավ արտասահմանում զինծառայողների բուժման մասին օրենքը
Զինծառայության ընթացքում վնասվածք ստացած, խեղված կամ հիվանդություն ձեռք բերած զինծառայողների բուժումն արտերկրում կիրականացվի պետական միջոցներով։ Հուլիսի 18-ից ուժի մեջ է մտել համապատասխան օրենքի լրացումը։ Պետությունը կհոգա նաև զինծառայողներին ուղեկցող անձանց ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում: Օրենքի գործողությունը տարածվում է ոչ միայն հուլիսի 18-ից հետո, այլև՝ մինչ այդ ծագած հարաբերությունների վրա։ Համապատասխան կարգը մոտակա ամիսներին պետք է սահմանվի կառավարության կողմից։ Նշենք, որ արտասահմանում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները։ Բացառություն են կազմում այն զինծառայողները, որոնց ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է: