Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիստ ԼՂՀ ՊՆ-ում՝ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով

Քաղաքականություն
Handznajoxovneri-hamatex-nist_20.07.15

Հուլիսի 20-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովի և ԼՂՀ ու ՀՀ աշխատանքային խմբերի համատեղ նիստ, որը համանախագահում էին ԼՂՀ նշված հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը և ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Հանձնաժողովի աշխատանքներին ներկա էր նաև ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեն: Նիստի ընթացքում քննարկվել են անհայտ կորածների հուղարկավորման հնարավոր վայրերի հայտնաբերման, արտաշիրմանն ուղղված համատեղ աշխատանքների, ոլորտին առնչվող քրեադատավարական գործողությունների համադրման, անհայտ կորածների ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնական տվյալներ հավաքագրելու հարցեր: Այնուհետև հայկական երկու հանրապետությունների համապատասխան հանձնաժողովների կողմից կարևորվել է ԿԽՄԿ պատվիրակության` նշված աշխատանքներին աջակցելու, աշխատանքային խմբերին համապատասխան մասնագիտական օգնություն ցուցաբերելու և առանց հարցը քաղաքական դաշտ տեղափոխելու, ցանկացած ձևաչափով ադրբեջանական կողմի հետ փոխհամագործակցելու հարցերին նպաստելու անհրաժեշտությունը: ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչը բարձր է գնահատել ԼՂՀ հանձնաժողովի գործունեությունը և համագործակցությունը իրենց կառույցի հետ: Հանձնաժողովի նիստի ավարտին քննարկվել է հետագա անելիքներին և համատեղ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վերջում նիստի մասնակիցները այցելել են ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության թանգարան, ծանոթացել կատարված աշխատանքներին և հետագա ծրագրերին: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն