Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես անընդհատ չընկնել ընտրությունների ցիկլի մեջ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hovhannes-sahakyan

Հանրապետական Հովհաննես Սահակյանը դժվարանում է ասել, թե որ երկրի օրինակով են Հայաստանում փորձում կիրառել «կայուն խորհրդարանական մեծամասնություն» տերմինը։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Իտալիան ուսումնասիրել է, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը նայել է, Բուլղարիան նայել է։ Հովհաննես Սահակյանը պարզաբանում է, թե ինչ է նշանակում «կայուն խորհրդարանական մեծամասնությունը» խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում՝ եթե ընտրություններից հետո խորհրդարանում որեւէ ուժ մեծամասնություն չվերցնի, կանցկացվի երկրորդ փուլ մինչեւ որեւէ քաղաքական ուժ կդառնա 50+1 քվեով մեծամասնություն. «Էստեղ կարծես թե քաղաքական ուժերի եւ հատկապես փոքր քաղաքական ուժերի դերակատարումը բարձրացնում ենք։ Որովհետեւ եթե մեկ քաղաքական ուժ չի կարողանում ապահովել մեծամասնությունը պառլամենտում, ապա ինքը պարտավոր է կամ ստիպված է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ, որպեսզի ապահովի մեծամասնությունը»։ Հովհաննես Սահակյանը չի խոսում կոալիցիոն կառավարությամբ մեծամասնություն ձեւավորելու մասին։ Նա խոսում է հենց մեկ քաղաքական ուժի կամ դաշինքի երկրորդ փուլում մեծամասնություն դառնալու մասին, որի համար կզգացվի արդեն խորհրդարան անցած այլ փոքր ուժերի քվեների կարիքը. «Եթե կոալիցիան չի ձեւավորվում, հետեւաբար պետք է անցնի երկրորդ փուլին»։ Տեսականորեն պարոն Սահակյանը չի բացառում, որ հենց առաջին փուլում փոքր քաղաքական ուժերը միավորվելով ձեւավորեն կոալիցիոն կառավարություն։ Բայց դա՝ տեսականորեն։ Հաջորդ խոսքը ընտրական օրենսգրքինն է. «Թե մենք որ տարբերակի վրա կանգ կառնենք՝ կլինեն նախընտրական դաշինքներ, թե հետընտրական դաշինքներ, թե ընտրություններից հետո առանց երկրորդ փուլ անցնելու հնարավո՞ր է կոալիցիաներ ձեւավորվեն եւ համախմբվեն ունենան էդ մեծամասնությունը գնան առաջ, դա կարծում եմ հետագայում թե քննարկելու եւ ընտրական օրենսգրքով ամրագրելու եւ կարգավորելու խնդիր է»։ «Կայուն խորհրդարանական մեծամասնությունը» Հայաստանին անհրաժեշտ է, որպեսզի անընդհատ չընկնի ընտրությունների ցիկլի մեջ, եթե հանկարծ մեծամասնություն չլինի կամ կոալիցիաներ չձեւավորվեն. «Եթե քաղաքական ուժերը, մենք այլ հայացքներ ունենք եւ մենք չենք կարող համատեղ ծրագրեր իրականացնենք, կառավարենք մեր ժողովրդին, պետությանը, երկրին, հետեւաբար պետք է հնարավորություն տաս, որպեսզի ձեւավորվի, էդ ռիսկերը նվազեցնես»։ Պարոն Սահակյանն ակնարկում է, որ «կայուն խորհրդարանական մեծամասնությունն» իրականում նախագահի ընտրությունների երկրորդ փուլի անալոգն է, եւ հենց այդ ինստիտուտն է կիրառվելու խորհրդարանական ընտրություններում։ Ի դեպ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների հրապարակված փաթեթին եւ նկատել, որ «խորհրդարանական համակարգի անցնելու ջատագովները առնվազն պետք է ակնկալեին, որ այս փոփոխությունները կմեծացնեին Հայաստանում քաղաքական մենաշնորհը վերացնելու հավանականությունը: Ցանկացած ժողովրդավարության և պառլամենտարիզմի գրավականը կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունն է: Նոր սահմանադրության նախագիծն իսպառ բացառում է այդ հնարավորությունը և սահմանադրորեն ամրագրում քաղաքական մենաշնորհը»: