Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միացյալ Նահանգների օգնության առաջնահերթությունները տարածաշրջանում

Քաղաքականություն
index7

Այսօր, Սենատի Հատկացումների հանձնաժողովն ընդունել է 2016թ-ի ֆինանսական տարվա Պետական, Արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի (SFOPS) հատկացումների ֆինանսավորման օրինագիծը, որը վերաբերում է Միացյալ Նահանգների տնտեսական, մարդասիրական, և ռազմական օգնությանը Հարավային Կովկասին,- հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Հանձնաժողովի գործունեությունն արտացոլում էր Հայաստանին և Ադրբեջանին ռազմական ֆինանսավորում տրամադրելու հետ կապված ԱՄՆ նախագահի առաջարկը`պահպանել  հավասարությունը և յուրաքանչյուր երկրին հատկացնելով 1.7 միլիոն դոլար Արտաքին ռազմական ֆինանսավորմանը (FMF) և 600.000 դոլար Միջազգային ռազմական կրթության վերապատրաստմանը (IMET): Այնուամենայնիվ, Համագումարը խորապես մտահոգված է Ադրբեջանի հրադադարի ռեժիմի անընդհատ խախտումների կապակցությամբ:   Որպես ոչ ռազմական օգնություն, հանձնաժողովն առաջարկել է 20.1 միլիոն դոլար Հայաստանի, 8.8 միլիոն դոլար Ադրբեջանի և 54 միլիոն Վրաստանի համար: Հանձնաժողովի զեկույցը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղը` որպես Միացյալ Նահանգների տրամադրվող օգնության առաջնահերթություն` առաջարկելով. «օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տուժածին նախկինում տրամադրվածին համաչափ, և հակամարտության հետ կապված ընթացիկ կարիքների համար: Հանձնաժողովը հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում»: Այս տարվա զեկույցում ընդգրկվել է նաև ականազերծման գործողությունների շարունակության ապահովվումը: «Հանձնաժողովը ճանաչեց, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության մեկ շնչին ընկնող ականապայթյունների ցուցանիշն աշխարհում ամենաբարձրներից մեկն է, և որ ականազերծման ծրագրերն արդյունավետ են եղել բոլոր այն վայրերում, որտեղ իրականացվել են: Հանձնաժողովը մտահոգված է տարածաշրջանում ականազերծման գործողությունների համար առկա տարածքային սահմանափակումներով և առաջարկում է նման ծրագրերի շարունակական ֆինանսավորում և աշխարհագրական ընդլայնում»:   «Գնահատում ենք Հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Լինդսի Գրեհեմի (հանրապետական, հարավային Կարոլինա) և բարձրաստիճան անդամ Պատրիկ Լեյհի (դեմոկրատ, Վերմոնտ) երկկուսակցական աշխատանքը` քննարկելու այն փաթեթը, որը հստակորեն կոչ է անում մեծացնել Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում»,- նշել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Բրայան Արդունին: «Երախտապարտ ենք նաև փոխնախագահ Բարբարա Միկալսկուն (դեմոկրատ, Մերիլենդ)` ապահովելով ամերիկահայ օգնության առաջնահերթությունները այս անհանգիստ ժամանակներում, ինչպես նաև սենատոր Մարկ Քըրքին (հանրապետական, Իլինոիս), ով շարունակում է աջակցել Արցախի համար հույժ կարևոր ֆինանսավորմանը»,-ասել է Արդունին: Ավելի վաղ Սենատոր Քըրքը Համագումարին հաղորդել էր, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչության համար չդադարող օգնությունը մնում է որպես կարևոր առաջնահերթություն»:   Մինչ ընթանում էր հատկացումների գործընթացը, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հաշվետվությամբ հանդես եկավ ԱՄՆ Կոնգրեսի առջև` նշելով ամերիկահայ համայնքի 9 կարևոր առաջնահերթությունները: Համագումարի մոտեցումն առավել ընդգծվեց Համագումարի Խորհրդի անդամ, Մերիլենդի բնակիչ Անի Թոթայի կողմից, ով նամակ էր հղել սենատոր Միկալսկուն` կոչ անելով Միացյալ Նահանգներին ավելի շատ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղին, և արտահայտելով իր մտահոգությունը «Սիրիայում կարիքավորներին նման օգնության հատկացման և բաշխման բացերի շուրջ, ինչպես նաև ապահովել համարժեք ֆինանսավորում` օգնելու Հայաստանում ապաստան գտնող փախստականներին»:   Ինչպես Ներկայացուցիչների պալատի օրինագիծը, Սենատի հատկացումների օրինագիծը ևս պահպանեց Ազատության աջակցման ակտի 907 բանաձևը` վերանշելով  6 ավանդական բացառությունները, ըստ որոնց տրամադրվում է մարդասիրական և այլ օգնություն Ադրբեջանին: 907 բանաձևը ուժի մեջ է մտել 1992թ-ին և պահանջում է Ադրբեջանի կառավարությունից «ակներև քայլեր ձեռնարկել դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական կիրառումները» Հայաստանի և Արցախի դեմ: Այժմ, երբ Պետական, Արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի (SFOPS) հատկացումների ֆինանսավորման օրինագիծն ընդունվել է Կոնգրեսի երկու պալատների կողմից, իրավական գործընթացում հաջորդ քայլը ներառում է  համաժողովի կազմակերպման հանձնաժողովի ստեղծում: Այդ հանձնաժողովի անդամները կքննարկեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի օրինագծի միմյանցից տարբերվող տարբերակները` վերջնական օրինագիծը Նախագահի կողմից ստորագրվելու և ուժի մեջ մտնելու համար: