Անխափան ապահովվելու է դիաբետիկ երեխաների դեղի պահանջարկը (տեսանյութ)
Կբարձրացվի դիաբետով հիվանդ երեխաների բուժման որակը Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ կարիքների համար ինսուլին դեղերի գնման 2015-2019թթ. գործընթացը կազմակերպելու մասին, նպատակ ունենալով անխափան ապահովել դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը: Արդյունքում կբարձրացվի դիաբետով հիվանդ երեխաների բուժօգնության որակը, կբարելավվի նրանց առողջական վիճակը: Երկու այլ որոշումներով հստակեցվել են մանուկների և պատանիների՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների նվազագույն չափորոշիչները, հաստատվել են ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների դրույքաչափերի, հավելավճարների և լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Լուծում են ստանում քաղաքացիների բնակարանային խնդիրները Զոհված զինծառայող Զորիկ Գևորգյանի ընտանիքին բնակարան ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունը որոշել է հատկացնել 4.000.0 հազար դրամ: Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Մոլդովական, Շիրակի, Վարդաշեն 6-րդ փողոցի հանրակացարանային մասնաշենքերում բնակվող 11 քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները, իսկ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 1 հանրակացարանային մասնաշենքում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած 3 ընտանիքներին թույլատրել է սահմանված կարգով սեփականաշնորհել զբաղեցրած բնակելի տարածքները: Մեկ ուրիշ որոշմամբ Գյումրի քաղաքի Երկաթուղայինների փողոցի 62 հասցեում գտնվող վարչական շենքը բնակելի շինության վերափոխելու ժամկետը երկարաձգել է մինչև 2015թ. նոյեմբերի 1-ը, շինարարական աշխատանքները չավարտելու պատճառով: Նշված շենքում բնակություն կհաստատեն 7 ընտանիքի 30 անդամներ: Կառավարությունը հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու մասին որոշումով Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման հնարավորություն է ստեղծել, որով կբարձրանա տարածաշրջանի համայնքների անասնաբուժական ծառայությունների մատուցման արդյունավետությունը: Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման կենտրոնի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «ՓՄՁ ձեռնարկատիրության զարգացման կենտրոն» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի ժամկետը ավելացվել է 3 տարի ժամանակով: