Human Rights Watch-ը կոչ է անում ՀՀ ոստիկանությանը. Ազատություն
Human Rights Watch-ի փոխտնօրենը կոչ է անում Հայաստանի ոստիկանությանը հունիսի 23-ի կապակցությամբ անցկացվող ծառայողական քննությունը թափանցիկ տանել, որպեսզի հանրությունը կարողանա գնահատել՝ արդյոք կարգապահական տույժը բավարա՞ր է: Այսօր «Ազատության» հետ զրույցում Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը ընդգծեց՝ անթույլատրելի է ուժի կիրառումը, երբ բողոքի ակցիան խաղաղ է: «Հարկավոր է ամբողջական հետաքննություն անցկացնել ոստիկանների գործողությունների կապակցությամբ, և դատախազը պետք է որոշում կայացնի, թե ի՞նչ կարգի հետաքննություն, պատասխանատվության ենթարկելու ինչպիսի՞ գործընթաց պետք է սկսել: Կարող են լինել դեպքեր, երբ կարգապահական տույժը բավարար է, բայց կարող են լինել դեպքեր, երբ այդ տույժերից ավելին անելու անհրաժեշտություն կա: Կարևոր է, որ հետաքննություն տեղի ունենա, և դրա արդյունքները հրապարակվեն, որպեսզի հանրությունը կարողանա գնահատել՝ արդյո՞ք հետաքննությունը արդար էր ու օբյեկտիվ»,- ասաց Դենբերը։ Երեկ հրապարակվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշումը, ըստ որի Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հունիսի 23-ի ոստիկանական գործողությունների առնչությամբ ինը ոստիկան կարգապահական տույժի է ենթարկել։ Ոստիկանության ծառայողական քննությունը դեռ ավարտված չէ: Հիշեցնենք, այդ օրը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցներին և լրագրողներին ոստիկանները ոչ միայն ծեծեցին, այլև խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը, կոտրեցին տեսախցիկներ, լրագրողներին պատկանող այլ սարքավորումներ: Մանրամասներն՝ այստեղ