Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեֆոլտ չենք հայտարարի, բայց վիճակը գնալով վատանում է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dram

Արդյո՞ք Հայաստանն ապահովագրված է՝ չարժանանալու Հունաստանի ճակատագրին, երբ այդ երկիրը փաստացի հայտնվեց դեֆոլտի եզրին։ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված էր, որ Հայաստանի պետական պարտքը այս տարեվերջին կլինի 4.1 միլիարդ դոլար, մինչդեռ հունիս ամսվա տվյալներով այն արդեն 4.6 միլիարդ է։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այստեղ վտանգ չի տեսնում։ «Վտանգավորությունը ծագում է այն պարագայում, երբ մենք տվյալ կտրվածքով ունենում ենք ոչ արդյունավետ քաղաքականություն։ Հարկավոր է վերցվող պարտքային գումարները օգտագործել նպատակային, խիստ արդյունավետ»։ Պետական պարտքի բարձր շեմ ունեն անգամ տնտեսապես զարգացած ԱՄՆ-ն ու Ճապոնիան ։ Կարևորը, սակայն, այն է, թե որքանով է տվյալ երկրի տնտեսությունն ունակ սպասարկել այդ պարտքը։ Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը լավատես չէ Հայաստանի պարագայում. Այս տարի ակնկալվում է 1 % տնտեսական աճ` լավագույն դեպքում։ «Հաջորդ տարիների համար նույնպես վիճակը անորոշ է։ Տնտեսության պասիվացմանը զուգահեռ՝ եկամուտները բնականաբար նվազում են: Մեզ մոտ տնտեսությունը քիչ փող է ստանում, բայց գնալով ավելի շատ փող պետք է ուղղի պարտքի սպասարկմանը»։ Պարոն Թունյանը պատահական չի համարում, որ Հայաստանը երկու տասնյակ այլ պետությունների հետ հայտնվել է բրիտանական հեղինակավոր «Գարդիան»-ի՝ պարտքային ճգնաժամի մեջ գտնվող երկրների ցանկում։ Այս ցուցակում հանգրվանած ու խորը ճգնաժամում հայտնված Հունաստանի ճակատագրին, սակայն, չենք արժանանա. «Դեֆոլտ չենք հայտարարի, բայց որ վիճակը գնալով վատանում է, փաստ է։ Մեզ մոտ առաջին հերթին պետք է մտածել տնտեսությունը զարգացնելու մասին։ Այս ամենը ցույց է տալիս, որ պարտքերի վրա հույս դնելու դեպքում մենք մեր վիճակը ավելի ենք վատացնում»։ Վարդան Բոստանջյանը նշում է. «Մեր մտահոգությունը կայանում է նրանում, որ իզուր տեղը փող չվերցնենք, և եթե արդեն վերցրել ենք, այն շատ հիմնավորված լինի, որ մենք իմանանք՝ այս կամ այն խնդրի լուծման համար է, որ այդ խնդրի լուծումը մեզ բերեց մի նոր հանգրվանի և ուժեղացան այն հիմքերը, որով մենք պետք է պարտք փակենք»։ Ի դեպ՝ պարտքային խորը ճգնաժամի մեջ հայտնված Հունաստանը ԵՄ-ի հետ եկել է համաձայնության՝ 86 մլրդ եվրո օգնություն ստանալու շուրջ՝ այսպիսով նաև խուսափելով եվրագոտին լքելուց։