Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջնական եզրակացության գալու համար՝ ևս երկու օր (տեսանյութ)

Քաղաքականություն
70e6bbe4fd91746e847b99a470465771

«Նույնիսկ այսօրվա դրությամբ բազմաթիվ քաղաքացիներ չեն ընկալում, թե ինչպես է աշխատում այսօրվա Սահմանադրությունը, ուր մնաց թե մի հատ էլ նոր փոփոխություններ են ուզում անել: Եթե սոցոլոգիական հարցումներ անեն, հազիվ 3-4 տոկոսը բնակչության կարող է իմանալ, թե մասնավորապես ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը»,-նշում է ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` խոսելով Սահմանադրական բարեփոխումների մասին: Բանախոսն անձամբ կողմնակից է եվրոպական մոդելի զարգացմանը, այսինքն` երկրի պառլամենտական կառավարմանը։ «Բնականաբար, կցանկանայի, որ ունենայինք մաքուր պառլամենտական կառավարում, բայց դրա հետ միասին մենք չպետք է մոռանանք, որ ունենք չլուծված կոնֆլիկտ և ամենօրյա պատերազմական իրավիճակ մեր առաջին գծում։ Ուրեմն պարզ և հասկանալի պետք է լինի, թե այդ դեպքում ինչպես են զարգանալու անվտանգության կամ պաշտպանական հարցերը կամ ինչպիսին է լինելու դատական համակարգը, ինչպես ենք ապահովելու այդ համակարգի անկախությունը»,-ասաց նա։ Ըստ պարոն Պողոսյանի՝ բարեփոխումների վերաբերյալ քննարկումները պետք է լինեին այնպիսին, որ այն ընկալելի լիներ բոլորի համար։Նրա խոսքերով՝ կիսաքանդ դահլիճներում, երբ մարդկանց մի մասը քնած է, մյուսները՝ խոսում են միմյանց հետ, դա հանրային քննարկումներ անվանել չի կարելի։ Նրա կարծիքով՝ բարեփոխումները վստահություն ներշնչեն հանրությանը, ինչն այսօր չկա։ Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական տարբեր ուժերի հանդիպումներին Սերժ Սարգսյանի հետ, Թևան Պողոսյանը նշեց, որ դա քաղաքական կոնսոլիդացիա անվանելը ճիշտ չի լինի։ «Կոնսոլիդացիան միայն խոսքեր չեն կամ միայն տեխնիկական հրավեր չէ։ Այդ իմաստով, միգուցե, տեխնիկապես ապահովել են այդ կոնսոլիդացիան՝ բոլորին հրավերներ ուղարկելով և կարող են ասել, որ իրենք իրենց բաժին գործը կատարել են, սակայն պրակտիկ երևույթը պետք է դիտարկել՝ ինչպես ես դու նախաձեռնել այդ ամբողջ գործընթացը, որը , ըստ իս՝ չի եղել կոնսոլիդացիայի տանող»,-շեշտեց բանախոսը՝ հավելելով, որ կլինեն նաև շահարկումներ այն իմաստով, որ իշխանությունները կներկայացնեն, որ «ոչ» ասողներն էլ են մասնակցել քննարկումներին, և դա իրենց բաժին կոնսոլիդացիան է եղել։ Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների վերջնական տեքստը հայտնի կլինի հուլիսի 15-ին։ Պատգամավորն առաջարկում է վերջնական եզրակացության գալու համար սպասել ևս երկու օր։