Սուրճը չբերած՝ Կճոյանը նստած էր. մանրամասներ օֆշորի գործից (տեսանյութ)
Հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը այսօր բացահայտեց, թե ինչու է որոշել 12 մլն դոլարի իր ունեցվածքը վստահել օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանին։ «Քանի որ շփվում էր պետական այրերի հետ, վարչապետ կար, Կճոյան կար, սրբություններ կային։ Մտնում էինք Աշոտենց տուն սուրբ Սարգսի խաչը դրած պետք է մոմ վառեինք, խաչ անեինք։ Սա էլ իրան սրբի տեղ էր դրել։ Խաչագողի հիշատակարանը կարդացած կլինեք, սրբի գրքերը դրած սրբի գրքեր էր բաժանում, այս տարբերակով ինձ խաբել է»,- դատարանում տված ցուցմունքում նշեց Փայլակ Հայրապետյանը Այսօր գործարարը ունեզրկվել է եւ դրանում մեղադրում է ոչ միայն Աշոտ Սուքիասյանին, այլ նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին։ Այն, որ վարչապետը եւս առնչություն է ունեցել այս գործին, նա հիշում է իր եւ Աշոտ Սուքիասյանի հեռախոսազրույցից մի հատվածից. «Ասեց՝ ես հիմա վարչապետի հետ գտնվում եմ «Ամերիա» բանկում, 6000 դոլար մուծել եմ բիզնես ծրագրի համար»։ Ունեցվածքը պահպանելու համար, ինչպես իր ցուցմունքում նշեց Փայլակ Հայրապետյանը, բազմաթիվ անգամներ գնացել է Աշոտ Սուքիասյանի բնակարան։ «Ես մինչեւ գնում էի, Կճոյանը նստած էր լինում, խոսալ հնարավոր չէր, սուրբ հայր է, ես նրա հետ ինչ խոսայի։ Պատահում էր, ասում էի առանց զանգի գնամ, հլը սուրճը չբերած՝ Կճոյանը նստած էր»,- հիշում է ունեզրկված գործարարը։ Իսկ Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտները օրինականացնելու, նաեւ չարամտորեն առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու մեջ: Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքներում։ Դատական հաջորդ նիստը կշարունակվի հուլիսի 16-ին։