«Չկա այլևս այն ռեսուրսը, որ տանկով մարդկանց վրայով անցնեն»
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի ցույցի առաջին օրերին ներկա էին նաև ՍԴՀԿ ներկայացուցիչներ. «Բայց հետո տեսանք, որ կիսալուծում էր այն, որ աուդիտի մասին ասվեց, էլ չգնացինք: Աուդիտ ամեն տարի պետք է անցկացվի: Սա հսկայական կոռուպցիոն, մութ գործընթաց է, որը փակվեց աուդիտով»,-վստահ է ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: Նա չի խորշում շարժումը քաղաքական որակելուց. «Չի կարող մեր երկրում որևէ շարժում քաղաքական չլինել: Ուղղակի մեր երիտասարդները դա խառնել էին կուսակցական ասվածի հետ»։ Պարոն Գալստյանը վստահ է, որ մարդիկ չէին հավաքվել միայն մի պահանջով։ «Մի պահ եղավ, որ 30.000 մարդ էր հավաքվել: Այդքան մարդ չի կարող միայն 6 դրամի համար եկած լինի, բազում այլ խնդիրներ կան»: Քաղաքական գործչի համոզմամբ՝ Ազատության հրապարակ տեղափոխվելուց հետո շարժման էներգետիկան մարեց. «Այժմ դա փոխարինվել է նախախորհրդարանային շարժմամբ»: Խոսելով Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքերից, ՍԴՀԿ ատենապետը շեշտեց. «Անասնական դաժանությամբ մարդկանց էին ծեծում, բացի այդ, ինչո՞ւ լրագրողների վրա հարձակվեցին: Իսկ օպերա տեղափոխելը գեղեցիկ եզրափակում էր»։ Գործիչը վստահ է, որ ՀԷՑ-ին 60 մլն դրամով տուգանելը խնդրի կոսմետիկ լուծում է։ Իսկ աուդիտի հարցում արդյունավետությունը կախված է այն բանից, թե ով այն կանցկացնի։ Մի հարցում պարոն Գալստյանը վստահ է. «Էլեկտրաէներգիայի գինը չի բարձրանա, բայց ինչի՞ արդյունքում դա եղավ. մարդիկ ծեծ կերան, նրանց բռնեցին, տարան»: Գործիչը կարծում է, որ ներկայում Հայաստանում կա կուսակցական համակարգի ճգնաժամ: «Քաղաքական համակարգն ունի վստահության դեֆիցիտ, և երկու երիտասարդ ավելի շատ մարդ կարող է հավաքել հրապարակում, քան տասնյակ տարիներ գործող կուսակցությունը»,-շեշտեց նա: «Ուզենք, թե չուզենք, երկրում իրավիճակ է փոխվել։ Եթե 2007-ին սա լիներ, տանկերով կմտնեին: Չկա այլևս այն ռեսուրսը, որ տանկով մարդկանց վրայով անցնեն»,-եզրափակեց պարոն Գալստյանը: