Թե՛ Բաղրամյանում, թե՛ Ազատության հրապարակում պայքարը գնում է լճացման. Վ. Շուշանյան
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանի կողքին են «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ Վաղինակ Շուշանյանն ու Մաքսիմ Սարգսյանը։ Մեզ հետ զրույցում Վաղինակ Շուշանյանը հացադուլը համարեց ծայրահեղական քայլ. «Չեմ էլ ուզում հորդորեմ Դավիթին դադարեցնի, միայն սատար եմ կանգնում նրան»։ Կարծում է, որ մի տեղ երկար ժամանակով մնալը՝պայքարը տանում է լճացման.« Գալիս հասնում է պիկի, որտեղից այն կողմ նոր գործողություն է պետք, որը իրականում թե՛ Բաղրամյանում, թե՛ Ազատության հրապարակում հնարավոր է այլեւս չլինի։ Պետք է ընտրել այլ ճանապարհ»։ Վաղինակ Շուշանյանը շարունակում է պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ. «Պայքարի մեջ եմ ես մնում։ Ճիշտ է, խոսակցություններ եղան, ասելով՝ փախավ, գնաց, բայց միշտ լինելու եմ առաջին շարքերում, որտեղ կա հակասոցիալական խնդիր»,-ասաց Վաղինակ Շուշանյանը։ Իսկ այսօրվա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանել 60 մլն դրամ, որը Վաղինակ Շուշանյանը համարում է իրենց իսկ կողմից բեմադրված ներկայացում։ Մարդկանց նորից հրապարակ բերելու տարբերակը իրազեկումներն են. «Ոչ թե ապացուցելով ու արդարանալով, որ մենք մաքուր էինք աշխատում, այլ իրազեկումներով պետք է մարդկանց բերել այստեղ։ Մարդիկ մեկ լավ գաղափարի շուրջ պետք է հավաքվեն»,-եզրափակեց ակտիվիստը։