Քաղաքական հետապնդում է իրականացվում. Արգիշտի Կիվիրյանի փաստաբան
Վերլուծաբան, «Аrmenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի պաշտպաններն այսօր վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Ուղիղ մեկ ամիս առաջ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը Արգիշտի Կիվիրյանին մեղավոր ճանաչեց նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ դատապարտեց 400,000 դրամ տուգանքի, սակայն համաներման կիրառմամբ նրան ազատեց տուգանքից։ « Դատավճիռն ամբողջությամբ անհիմն էր, որովհետեւ առանց ապացույցների կայացվել է մեղադրական դատավճիռ, իրականում դատարանը պետք է կայացնել արդարացման դատական ակտ։ Բացի այդ, եթե իրականում լիներ այդ գործողությունը եւ Արգիշտի Կիվիրյանն իրականում բռնություն գործադրած լիներ ոստիկանի նկատմամբ, նա իրավունք ուներ գործադրելու, որովհետեւ ոստիկանները գործել են ոչ իրավաչափ, անօրինական եւ նման պայմաններում 316 հոդվածով մեղադրանք չէր կարող լիներ»,-«Ա1+»-ին ասաց Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Նրա խոսքերով՝ դատարանը խախտել է մի շարք իրավունքներ, այդ թվում՝ թույլ չի տվել, որպեսզի պաշտպանական կողմը ձեռք բերի ապացույցներ եւ ընդհանրապես հաշվի չի առել ոչ մի փաստարկ, որը ներկայացրել են իրենք։ Լուսինե Սահակյանը որեւէ ակնկալիք չունի վերաքննիչ դատարանից եւ բողոքարկման նպատակը ներպետական ատյանների սպառումն է։ «Մենք ի սկզբանե գիտեինք, որ անօրինական դատական ակտ է կայացվելու, եւ չկա այնպիսի դատարան, ով կարող է Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կայացնի արդարացման դատական ակտ, որովհետեւ նրա նկատմամբ իրականում քաղաքական հետապնդում է իրականացվում»,- եզրափակեց փաստաբան Լուսինե Սահակյանը։